
Էջմիածնի Սբ Գայանե վանքում Մայր Աթոռի միաբանությունը՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ, բազմաթիվ հավատացյալներ մասնակցել են Ավագ շաբաթվա ճրագալույցի պատարագին:
Սբ Զատկի ճրագալույցի Պատարագի ավարտին պատարագիչ քահանան Սուրբ Սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն:
Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը «Այսօր հարյաւ» և «Քրիստոս հարյաւ» շարականների, տաղերի ու հոգևոր երգերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին և ի լուր ամենքի հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Եվ եկեղեցին՝ Քրիստոսի Հարության ուրախությամբ որպես մեկ ամբողջություն, ի պատասխան հնչեցնում է «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: