TOP նոր
» » «Ավրորան» ողջունում է ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը

«Ավրորան» ողջունում է ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը

25-04-2021, 09:07 Դիտումներ: Հայաստան
25 Ապրիլ 2021, 09:07 - NovostiNK
«Ավրորան» ողջունում է ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ուղերձը՝ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարության վերաբերյալ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակիցների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու եւ այդ ոճրագործությունն իր ճշգրիտ անունով կոչելու համար:

Նախագահ Բայդենի հստակ հայտարարությունը հետեւում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի H. RES. 296 բանաձեւի քվեարկության (հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների արձանագրությունները) եւ ԱՄՆ Սենատի S. RES. 150 բանաձեւի քվեարկության (բանաձեւ, որն արտահայտում է ԱՄՆ Սենատի մոտեցումն առ այն, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման եւ հիշատակման միջոցով)։ Այս քայլը կարեւոր է ոչ միայն հայերի ու ամերիկացիների համար, այլեւ աշխարհի բոլոր ազգերի, որոնք հավատարիմ են նման ողբերգությունները կանխելու հանձնառությանը:

Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիան խլեց 1.500.000 անմեղ հայի կյանք: Մեկ դար առաջ հայերի կյանքը փրկած եւ նրանց փրկությանն օժանդակած հերոսները մեզ մղում են պայքարելու նրանց դեմ, ովքեր այսօր են գործում նման չարիքներ: Դրանով մենք ասում ենք՝ «այլեւս երբեք»: Այդ հերոսների հիշատակն ու օրինակը, որոնք, անտեսելով իրենց կյանքին սպառնացող վտանգը, Ցեղասպանության տարիներին ցուցաբերել են բացառիկ խիզախություն՝ փրկելու ուրիշներին, մեր այսօրվա աշխատանքի ներշնչանքն են:

2015 թվականին, երբ լրանում էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, շատ հայեր փորձեցին ազդակ գտնել իրենց հավաքական ողբերգության մեջ եւ այն ծառայեցնել աշխարհում դրական փոփոխություն բերելու գործին։ Արդյունքում մեկնարկեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Այն կոչվել է Հայոց ցեղասպանությունից փրկված եւ իր պատմությամբ հայտնի Ավրորա Մարդիգանյանի անունով, որը փախել էր Միացյալ Նահանգներ եւ իր կյանքը նվիրել այդ ողբերգության մասին իրազեկման գործին: Նրա ջանքերը եւ Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի աշխատանքը Ցեղասպանությունը վերապրածների անունից միջազգային մարդասիրական միջամտության ցայտուն օրինակ են:

Նախագահ Բայդենի հայտարարությունը միաժամանակ մեզ պարգեւում է թե՛ ուրախություն եւ թե՛ տխրություն, քանի որ այն տեղի ունեցավ «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանի մահից մեկ շաբաթ անց: Հանձնառու լինելով մարդկության դեմ հանցագործությունների, խտրականության եւ հետապնդումների վերացման գործին՝ նա անչափ երջանիկ կլիներ՝ լսելով այս լուրը: Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումը եւ դրա համաշխարհային ճանաչումը նրա կյանքի առաքելություններից էր:

Հայերը կարողացել են հաղթահարել մեկ դար առաջ իրենց պատած հուսահատությունը. մեզնից շատերն օգտվել են մեզ հյուրընկալած երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների առատաձեռնությունից եւ ընդունելությունից: Այսօր միլիոնավոր փախստականներ անցնում են նույն ճանապարհով, քանի որ, ցավոք, չեն նվազել այն վայրագությունները, որոնք մարդկանց ստիպում են լքել իրենց տունը՝ անվտանգ վայր գտնելու համար։ Աշխարհը պետք է ոտքի կանգնի ու քայլ անի, եւ «Ավրորայի» համաշխարհային շարժումը դարձել է ամենախոցելի խմբերի առաջատար ձայներից մեկը: Անշուշտ, գործողություններն ավելի կարեւոր են, քան բառերը, ուստի նախաձեռնությունն արդեն օգնել է ավելի քան 1.000.000 մարդու ամբողջ աշխարհում՝ ճանաչման արժանացնելով մերօրյա հերոսներին, որոնք վտանգում են իրենց կյանքը, առողջությունը կամ ազատությունն ուրիշներին օգնելու համար։

«Ավրորայի» գլխավոր նպատակն է ոչ միայն հիշել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին, այլեւ երախտագիտություն հայտնել նրանց փրկողներին: «Ավրորայի» գործունեության հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» համամարդկային գաղափարն է, ինչը նշանակում է, որ ճգնաժամի պայմաններում օգնություն ստացած անթիվ մարդիկ ամբողջ աշխարհում կարող են արտահայտել իրենց երախտագիտությունը՝ օգնության ձեռք մեկնելով մեկ ուրիշի:

Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին ամբողջ աշխարհում՝ այն դարձել է համաշխարհային շարժում, որը շարունակում է ընդլայնել փրկողների շրջանակը եւ, ամենակարեւորը, փրկվածների թիվը: Այդ ազդեցությունը բխում է հայոց պատմության ողբերգական իրադարձություններից, որոնք ոգեշնչել են՝ օգնության ձեռք մեկնելու կարիքավորներին։ Քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ եւ առաջնորդներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, մենք բոլորին հորդորում ենք միանալ մեր հարաճուն մարդասիրական շարժմանը եւ երկրորդ հնարավորություն տալ այսօր հետապնդումների ենթարկվողներին:


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի համաշխարհային շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի փրկողների շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:

Այս ութամյա հանձնառության (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի (1934-2021), Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:


Աղբյուրը՝ NovostiNK

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS