TOP նոր
» » » Հիմնական փուլից հետո նաև անվճար տեղեր են թափուր մնացել. ո՞ր մասնագիտությունները առաջին հայտով չեն նախընտրել դիմորդները

Հիմնական փուլից հետո նաև անվճար տեղեր են թափուր մնացել. ո՞ր մասնագիտությունները առաջին հայտով չեն նախընտրել դիմորդները

25-07-2021, 13:12 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
25 Հուլիս 2021, 13:12 - NovostiNK
Հիմնական փուլից հետո նաև անվճար տեղեր են թափուր մնացել. ո՞ր մասնագիտությունները առաջին հայտով չեն նախընտրել դիմորդները


Հուլիսի 19-ից սկսած՝ մեկնարկել է թափուր տեղերի համար ընդունելության մրցույթի գործընթացը, որին կարողանալու են մասնակցել այն դիմորդները, ովքեր միասնական քննություններից ստացել են դրական գնահատական(գնահատականներ), բայց չեն ընդունվել որեւէ բուհ:

Հիշեցնենք, որ այս տարվա ընդունելության մրցույթից դուրս են մնացել 2 հազար 935 դիմորդներ, որոնցից 1546-ը ստացել են անբավարար գնահատական: Ստացվում է, որ պետական ու ոչ պետական բուհերում առկա 15 հազար թափուր տեղերը համալրելու համար կմրցեն ընդամենը 1.389 դիմորդ:

Նկատի ունենանք, որ 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել է 1824 անվճար և 21820 վճարովի տեղ։ Եթե հաշվի առնենք, որ բուհերում այս պահի դրությամբ 15 հազար թափուր տեղ կա, ապա կնշանակի, որ բուհերում առաջին փուլի արդյունքներով հատկացված տեղերի կեսն անգամ չի համալրվել: Անգամ թափուր տեղերի համար մրցույթից հետո, այնուամենայիվ, կարող ենք ասել, որ այս պարագայում էլ պատկերը էապես չի փոխվի. բուհերի թափուր տեղերը մեծ հաշվով չեն համալրվի:

Թե որ բուհերը եւ որ մասնագիտությունները չեն նախընտրել մեր դիմորդները, որքան են այս կամ այն բուհի թափուր տեղերը՝ ըստ հիմնական փուլի արդյունքների, փորձեցինք պարզել՝ պետության կողմից հատկացված տեղերի եւ թափուր մնացած տեղերի միջեւ համեմատություն անելով:

Երեւանի պետական համալսարանի վճարովի ուսուցման 2.466 տեղերից դեռ թափուր են մնացել 610-ը. դրանք հիմնականում բնագիտամաթեմատիկական մասնագիտություններն են, ինչպես օրինակ՝ «Ռադիոֆիզիկա», «Մեխանիկա», «Քիմիա»:

«Հայոց լեզու եւ գրականություն» մասնագիտության 77 տեղից հիմնական փուլից հետո թափուր մնացել է 33-ը: Բավականին թափուր տեղեր են մնացել նաեւ «Արվեստաբանություն»(15), «Հնագիտություն և ազգագրություն» (22), «Փիլիսոփայություն» (24) մասնագիտությունների գծով:

ԵՊՀ-ում կան մասնագիտություններ, որտեղ վճարովի համակարգ առաջին հայտով ընդունվել են ընդամենը 1-ական դիմորդներ, ինչպես օրինակ՝ «Քիմիա», «Ֆիզիկա», «Փիլիսոփայություն», «Աստվածաբանություն», «Կրոնագիտություն» մասնագիտությունների համար:

Հատկանշական է, որ մայր բուհում կան մասնագիտություններ, որտեղ վճարովի բոլոր տեղերը հիմնական փուլից հետո դեռ թափուր են: Օրինակ՝ «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» մասնագիտությունները:

Մայր բուհում կան նաեւ անվճար թափուր տեղերով մնացած մասնագիտություններ, օրինակ՝ «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա», «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա», «Երկրաբանություն»:

Հատկանշական է, որ բժշկական համալսարանի «Ֆարմացիա» մասնագիտության տեղերը եւս դեռ լրացված չեն. 23 թափուր տեղ կա:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 909 վճարովի տեղերից դեռ թափուր են 346-ը: Օրինակ՝ թափուր են մնացել «Մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում», «Ռադիոտեխնիկա», «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությունները:

Այստեղ եւս կան մանագիտություններ, որտեղ առաջին հայտով դիմել են շատ քիչ թվով դիմորդներ:

Օրինակ՝ «Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ», «Օգտակար հանածոների հարստացում», «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» մասնագիտությունների բոլոր տեղերը (վճարովի) թափուր են մնացել: «Մետալուրգիա», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա» մասնագիտությունների համար դիմել են մեկական դիմորդներ:

Պոլիտեխնիկական համալսարանում եւս անվճար մնացած թափուր տեղեր կան, օրինակ՝ «Քիմիական տեխնոլոգիա», «Շրջակա միջավայրի պաhպանություն», «Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում եւ Բրյուսովի անվան համալսարաններում եւս դեռ շատ թափուր տեղեր կան: Այս համալսարանների անվճար տեղերը, սակայն, ամբողջապես համալրված են:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հատկացված 1184 վճարովի տեղերից դեռ թափուր են մնացել 240-ը: Օրինակ՝ «Տնտեսագիտություն» (41), «Հաշվապահական հաշվառում և հարկում» (18), «Մարքեթինգ»(9):

Բրյուսովի անվան համալսարանում՝ 1475 տեղից դեռ թափուր է 475-ը: Օրինակ՝ «Լեզվաբանություն» (անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն, իտալերեն լեզու), «Միջմշակութային հաղորդակցություն» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզու):

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 1537 վճարովի տեղերից դեռ թափուր են 661-ը: Ստացվում է, որ մանկավարժական մասնագիտությունների հիմնական մասը համալրված չէ:

Ոչ մի դիմորդ առաջին հայտով չի ընդունվել հետեւյալ մասնագիտություններով՝ «Ֆիզիկա», «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն», «Քիմիա», «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ», Շրջակա միջավայրի գիտություններ»:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանին տրված 1435 վճարովի տեղից դեռ թափուր են 819-ը: Որպես օրինակ նշենք, որ «Շինարարություն (շինարարական ճարտարագիտություն)» մասնագիտության համար կա 414 թափուր տեղ:

Իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնական փուլով ընդունվել են ընդամենը 18 դիմորդ. 899 վճարովի տեղերից դեռ թափուր են 881-ը:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) ունեն դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ մեկից ավելի բուհի մինչև 6 մասնագիտության հայտագրմամբ: Դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը պետք է լրացնեն dimord.am կայքի համապատասխան բաժնում:

Հ.Գ. Դրական ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդների համար հուլիսի 19-26-ը կազմակերպվելու է մրցույթի լրացուցիչ փուլ՝ 6 մասնագիտությամբ: Մրցույթը լինելու է ըստ հայտերի հերթականության՝ սկզբում անվճար տեղերի համար, եթե կան այդպիսիք, հետո՝ նույն մասնագիտության վճարովի տեղերի:

Առավել բարձր միավորներ ունեցողնեը կընդունվեն, իսկ մնացածները կմասնակցեն երկրորդ հայտով նշված մասնագիտության մրցույթին, հետո՝ երրորդ, չորրորդ, և այդպես շարունակ: Ինչպես հայտնի է, այս տարվա ընդունելության նորույթը՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Մրցույթի հիմնական փուլում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա, իսկ լրացուցիչ փուլում կարևորվում են բարձր գնահատականները:


Աղբյուրը՝ Armtimes

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS