TOP նոր
» » » «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» (տեսանյութ)

«Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» (տեսանյութ)

29 Ապրիլ 2015, 08:03 - NovostiNK
«Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» (տեսանյութ)

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» խորագրով ցուցահանդեսի բացմանը, «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսին և Մեծ Եղեռնի առթիվ կազմակերպված ավանդական ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ շուրջ 2000 հրավիրյալների մասնակցությամբ կայացած միջոցառումներին ներկա են եղել տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ, Շառլ Ազնավուրը, Փարիզում հավատարմագրված տասնյակ դեսպաններ, Ֆրանսիայի խորհրդարանի և տեղական խորհուրդների պատգամավորներ, Երևանի փոխքաղաքապետը, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ։

Հայաստանի արտգործնախարարը և Փարիզի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի և ցուցահանդեսի հանձնակատար Ռայմոնդ Գևորգյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Փարիզի քաղաքապետարանի սրահներում ներկայացված ցուցահանդեսում, ծանոթացել ցուցանմուշներին։

Ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 4-ը, կազմակերպվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ:

Փարիզի քաղաքային հազարավոր գովազդային վահանակների վրա տեղադրվել է ցուցահանդեսի ազդագիրը:

Ֆրանսիայի մայրաքաղաքի ընդունելությունների մեծ սրահում բացելով շուրջ երկու հազար հրավիրյալների ներկայությամբ միջոցառումը՝ քաղաքապետ Անն Իդալգոն նշել է, որ այն հարգանքի տուրք է հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայերի հիշատակին, ինչպես նաև՝ երախտիքի արտահայտություն Ցեղասպանությունը վերապրած այն հայերին և նրանց ժառանգներին, ովքեր, հաստատվելով Ֆրանսիայում, իրենց կարևոր ներդրումն են բերել Ֆրանսիայի զարգացմանը։ Անն Իդալգոյի խոսքերով, մեծ պատիվ է հյուրընկալել Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրությունը քաղաքապետարանի սրահներում և դրա միջոցով Փարիզի բնակիչներին և հյուրերին հաղորդակից դարձնելու Հայոց ցեղասպանության պատմությանը։ Նա ընդգծել է, որ Փարիզի արդեն 60-ից ավելի դպրոցներ ցուցակագրվել են՝ ցուցահանդեսն այցելելու համար։

Ելույթ ունենալով՝ նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասել է.

«Այս տարի՝ իր պատմության ընթացքում առաջին անգամ, մարդկությունը ոգեկոչում է ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Առաջին անգամ իր պատմության ընթացքում մարդկությունը ոգեկոչում է իր իսկ դեմ իրականացված հանցագործության հարյուր տարին:

Ցեղասպանության հարյուրերորդ տարելից. ցեղասպանությունների հարյուր տարի, որոնք հաջորդեցին հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործությանը: Չարությունից մթագնած ճանապարհներով՝ մարդկության խարխափի և դեգերումների հարյուր տարիներ, մարդկային էակի՝ հարյուր տարի ընթացող արշավ դեպի անմարդկային գոյություն, որին առաջ է մղում մոլեգին միտքը՝ սպանել ուրիշին, քանի որ նա տարբեր է:

Այս տարվա ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, առանձնահատուկ էր: Այն առանձնանում էր արդարամիտ և կեղծիքը մերժող, իրերն իրենց անունով կոչող մարդկանց, ժողովուրդների և երկրների աննախադեպ համախմբվածությամբ, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովրդի հետ համերաշխությամբ։ Եթե մարդկությունը նույնպիսի համերաշխություն դրսևորեր հայերի հետ հարյուր տարի առաջ, ինչպես դա արեց մի քանի օր առաջ, արդյո՞ք հնարավոր կլիներ խուսափել մեկ դար առաջ և դրանից հետո տեղի ունեցած ցեղասպանություններից։

Եթե հայերի դեմ իրականացված ոճրագործությունը կանխվեր, այն ծրագրողները և իրականցնողները պատժվեին, արդյո՞ք նացիստները նույն դաժանությամբ կկոտորեին հրեաներին։ Իհարկե ո′չ։ Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար քայլեր ձեռնարկեց՝ Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները կանխարգելելու համար։ Իհարկե ո՛չ։ Արդյոք միջազգային հանրությունը բավարար քայլեր է ձեռնարկում՝ այսօր Մերձավոր Արևելքում ահաբեկիչների ցեղասպան գործողություններին վերջ դնելու համար։ Ցավոք, ո՛չ։ Կարո՞ղ է արդյոք մարդկությունը վերջապես արթնանալ:

Այս տարի՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, առավել քան հասունացել է այս հարցին պատասխան տալու պահը: Պատասխանելու Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի ուղերձի միջոցով, ով խոսել է հայոց ողբերգության մասին՝ որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն, Եվրոպական խորհրդարանի բանաձևի միջոցով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտարարության միջոցով, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի և այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունների միջոցով, Գերմանիայում, Ավստրիայում, աշխարհի մի շարք երկրներում ընդունված հայտարարությունների և բանաձևերի միջոցով, հարյուրավոր օտարերկրյա պետական այրերի՝ Հայաստան այցելության միջոցով, ապրիլի 24-ին մի շարք պետություններ և միջազգային կազմակերպություններ ներկայացնող պատվիրակությունների՝ Երևանում գտնվելու միջոցով:

Տիկին քաղաքապետ,

Առաջին անգամ պատմության մեջ մարդկության կողմից ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ՝ որպես հայ ժողովրդի հետ համերաշխության դրսևորում, Էյֆելյան աշտարակի լույսերը մարելու Ձեր որոշումը, հիրավի, խորհրդանշական մեծ արժեք է պարունակում:

Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության այս դրևորումները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը հասկանում է, որ ցեղասպանությունների դարաշրջանն անհետ չի անցել, և որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը պետք է մշտապես իր վրա սևեռի քաղաքակիրթ աշխարհի համակ ուշադրությունը և կենտրոնացնի իր բոլոր ջանքերը՝ առանց ստորադասելու այս վեհ գործը որևէ աշխարհաքաղաքական շահի:

Տիկնայք և պարոնայք,
Սիրելի բարեկամներ,

Հայաստանի և հայ ժողովրդի կողքին կանգնած երկրների թվում Ֆրանսիան մշտապես եղել է առաջին շարքերում՝ վերահաստատելով մարդու իրավունքների համընդհանուր արժեքների պաշտպանության հարցում միջազգային իր հեղինակությունը:

Այս առիթով, մեծ գոհունակությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային. երկիր, որն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պետական ամենաբարձր մակարդակով՝ Երևանում Ֆրանսիայի Նախագահի գլխավորած պատվիրակության ներկայությամբ, երկիր, որն օրենքի ուժով ամրագրեց Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Երկիր, որտեղ պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը գրեթե տասը տարի, որոնց ընթացքում տասնյակ փողոցներ, հրապարակներ, պուրակներ և հուշարձաններ, խաչքարեր են բացվել՝ Ֆրանսիայի բարձր ազգային և տեղական իշխանությունների, հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ:

Տիկնայք և պարոնայք,

Սա լավ առիթ է՝ ներկայացնելու «Politique Internationale» հանդեսի արժեքավոր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարը և ողջունել հանդեսի տնօրեն, իմ լավ բարեկամ Պատրիկ Վաժմանին, ով այսօր այստեղ է գտնվում: Բացառիկ համարը ներառում է Հայաստանի Նախագահի, Ֆրանսիայի ներկա և նախկին Նախագահների, Շառլ Ազնավուրի, ինչպես նաև՝ միջազգային իրավունքի և ցեղասպանագիտության բնագավառներում միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հոդվածներն ու ելույթները:

Այս հատորի նպատակը ոչ միայն Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրների վերհանումն է, այլև ամենահանցավոր հանցագործության՝ ցեղասպանության իրավական և քաղաքական ասպեկտների բացահայտումն է: Չէ՞ որ «ցեղասպանություն», «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթների հետևում միլիոնավոր կորսված մարդկային ճակատագրեր են: Այս գիտակցությունը բարձացնելուն են ուղղված ցեղասպանության կանխարգելման ու ժխտողականության դեմ պայքարի Հայաստանի անխոնջ ջանքերը, քանի որ հայ ժողովուրդը, վերապրած լինելով քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը, կրում է բարոյական մեծ պատասխանատվություն՝ իր ներդրումը բերելու մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելու միջազգային ջանքերին: Դրա վկայությունն է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը, որն այս տարվա մարտի 27-ին կոնսենսուսով ընդունվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում:

Տիկին քաղաքապետ,

Ինձ համար առանձնահատուկ կերպով հաճելի է գտնվել հարազատ դարձած այս սրահում և փաստել, որ այս գեղեցիկ ավանդույթը, որի ձևավորմանը ես մասնակից եմ եղել Ձեզ նախորդող քաղաքապետ Բերտրան Դելանոեի հետ, ում ջերմությամբ եմ հիշում, վերածվել է ամենամյա ավանդույթի՝ դրական ընդունվելով Փարիզի՝ հայկական ծագումով մեծաթիվ փարիզցիների կողմից, նրանց համախմբելով Ձեր շուրջը՝ իրենց նախնիների հիշատակի ոգեկոչմանը նվիրված այս միջոցառման առթիվ: Ցուցահանդեսի բացումը, տիկին քաղաքապետ, այնպիսի խոսուն խորագրի ներքո, ինչպիսին է՝ «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը», դրա վառ վկայությունն է, որի համար կցանկանայի հատկապես շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկին քաղաքապետ, և Ձեզ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ինչպես նաև ցուցահանդեսի հանձնակատարին:

Ես նաև քաջատեղյակ եմ, տիկին Իդալգո, այս տարի հոկտեմբերին Հայաստան այցելելու Ձեր որոշման մասին: Իմացե՛ք, որ Դուք մշտապես սպասված հյուր եք Երևանում՝ քննարկելու մեր երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործընկերության զարգացումը և առավել ճանաչելու Հայաստանը, ուր Ձեզ գիտեն որպես հայ ժողովրդի բարեկամ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS