
Այսօր ԱԺ-ում ԱՄՆ կատարած իրենց բարեկամական խմբի այցն են ամփոփում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ «Իմ քայլ»-ի պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:
Ինչպես նշեց Լիլիթ Մակունցը, չափազանց կարեւոր էր ուղիղ կերպով կապ հաստատել գործընկերների հետ, քանի որ սա հայ-ամերիկյան բարեկամական խմբի առաջին պաշտոնական այցն էր:
«Ձեւաչափը եղել է ոչ միայն կոնգրեսականների ֆորմատով, այլ ներառել է նաեւ փորձագետների հետ հանդիպում, որը, կարծում եմ, բավականին հետաքրքիր էր»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ հիմնական շեշտադրումները դրվել են հարաբերությունները եւ համագործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակի վրա բարձրացնելու մասին հարցերին:
Լիլիթ Մակունցի խոսքով՝ առաջարկվել է թե՛ հայկական հանձնախմբի եւ թե՛ մյուս կառույցների հետ ունենալ հուշագրի տեսքով որոշակի համագործակցություն՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի կանխարգելման ուղղություններով:
«Ներկայացուցիչների պալատի գործընկերներին, ինչպես նաեւ Սենատին առաջարկել ենք Հայաստանին աջակցող որոշակի ակտի ընդունում»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ գաղափարն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները խորհրդարանական հարթակում ունենան նշված ուղղություններով ամրապնդում ակտի տեսքով:
Էդմոն Մարուքյանը, խոսելով այցի մասին, նշեց, որ այն բավականին հաջողված էր եւ տարբերվում էր 2018 թվականի՝ մինչեւ հեղափոխությունը նույն ֆորմատով կատարած այցից:
«Բազմաթիվ կոնգրեսականների հետ ենք այն ժամանակ մենք հանդիպել, ովքեր նաեւ հանրապետական կուսակցությունից են եւ երբեւէ հայ բարեկամության խմբի հետ շփումներ չեն ունեցել»,- ասաց Մարուքյանը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ի համար Հայաստանը մի նոր աշխարհ է, նոր են հետաքրքրվում, նոր են ուսումնասիրում, եւ սա շատ կարեւոր է, որ կարողանան ինստիտուցիոնալ մակարդակում հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնել:
Ժաննա Ջեյրանյան