TOP նոր
» » » Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է հայ երիտասարդության ներկայացուցիչների հարցերին

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է հայ երիտասարդության ներկայացուցիչների հարցերին

13 Դեկտեմբեր 2021, 15:37 - NovostiNK
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 13-ին մեկնարկած "Новое поколение 2021" հոբելյանական ֆորումի շրջանակներում պատասխանել է հայ երիտասարդության ներկայացուցիչների հարցերին: Երկօրյա Ֆորումը անցկացնում է Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում):

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է հայ երիտասարդության ներկայացուցիչների հարցերին


1. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Դ.Բաղդասարյանը հարցրել է.

Հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն Արցախում պետք է գտնվեն 5 տարի։ Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, եթե այդ ժամկետը լրանալուց հետո Ադրբեջանը պահանջի դուրս բերել ռուսական խաղաղապահ զորախմբին Լեռնային Ղարաբաղից։


Պատմությունը, ինչպես գիտեք, չի սիրում եթե-ներ և մեզ սովորեցնում է գործել փաստերով։ Այդ իսկ պատճառով ես չէի ցանկանա այդքան էական հարցի շուրջ տրվել երկար և հիպոթետիկ մտորումների։ Այսօր մեր նպատակն է կենտրոնանալ հիմնական խնդիրների լուծման վրա: Դրանք են՝ խաղաղ բնակիչների և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովումը, ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիությունը և բնականոն կյանքի հաստատումը։ Կարևոր է, որ մարդիկ իրենց հանգիստ և ապահով զգան։ Ակնհայտ է, որ հենց այս խնդիրների լույսի ներքո ապագայում կլուծվի խաղաղապահների հարցը, ընդ որում ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ներգրավված բոլոր մասնակիցների կողմից:

Խաղաղապահ առաքելության ջանքերի գործնական արդյունքները մենք կարող ենք տեսնել արդեն այսօր։ Շարունակվում են ականազերծման աշխատանքները, արդեն հայտնաբերվել է մոտ 26 հազար պայթուցիկ օբյեկտ, մաքրվել է մոտ 2,3 հազար հեկտար տարածք, ստուգվել է մոտ 2 հազար շինություն և 680 կմ ճանապարհային ցանց։ Մեծ աշխատանք է կատարվել քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, ինչի համար ՌԴ ԱԻՆ-ի և Ռուսական խաղաղապահ զորքերի համատեղ ուժերով մատակարարվել է մոտ 1,5 հազար տոննա մարդասիրական բեռ և 800 տոննա շինանյութ։ Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել տեղի բնակիչներին ջրով, էլեկտրաէներգիայով և կապով ապահովելու խնդիրները լուծելու համար։ Խաղաղապահներն իրենց վրա են վերցրել բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու գործը և մինչ օրս աջակցում են բարեգործական կազմակերպությունների պատրաստած մարդասիրական օգնության տեղափոխմանը: Հասցեավորված բաշխվել է ավելի քան 230 տոննա օգնություն։ Ղարաբաղ է վերադարձել շուրջ 53 հազար փախստական: Ի լրումն վերոնշյալ խնդիրների՝ մեր խաղաղապահների գլխավոր նպատակն է ապահովել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Այսօր կարելի է ասել, որ կյանքն աստիճանաբար բարելավվում է։

2. Հայ-ռուսական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Ա.Կյուպելյան.

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների թվում կան բազմաթիվ ուսանողներ, այդ թվում՝ ծանր վիրավորներ։ ՀՌՀ-ն ունի նման ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիր, որը ուսանողական խորհուրդը կցանկանար ընդլայնել ռազմական գործողությունների մասնակիցների հետագա սոցիալական ինտեգրման համար (օրինակ՝ կազմակերպել ՏՏ ոլորտի դասընթացներ, լեզուների խորացված ուսումնասիրություն, ֆինանսավորել որոշ բժշկական ծառայություններ և այլն): Հնարավո՞ր է մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան ռուսական կողմին՝ ի դեմս Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան և Հայաստանի տարածքում գործող այլ կառույցների, նյութական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել նման մարդասիրական ծրագրերին։


Ինչպես արդեն նշել եմ, ռուսական կողմը շատ է կարևորում, որ բարեկամ Հայաստանի քաղաքացիները հնարավորինս արագ հաղթահարեն պատերազմի պատճառով առաջացած սթրեսը և վստահություն ձեռք բերեն ապագայի նկատմամբ։ Ռուսաստանը, հավատարիմ մնալով իր պարտավորություններին, լուրջ ջանքեր է գործադրում մեր խաղաղապահ զորախմբի գործողության գոտում կայունություն ապահովելու, խաղաղ կյանքը վերականգնելու, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Միաժամանակ մարդասիրական բաղադրիչը մեր առաջնահերթություններից է։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ հաջորդող նախաձեռնությունները, անկասկած, արժանի են ուշադրության։

Եթե լինեն կոնկրետ առաջարկներ (նախագծեր, ստարտափներ և այլն), որոնց իրականացման մեխանիզմները մանրամասն ներկայացված կինեն, անկասկած, հնարավոր կլինի դրանք մանրակրկիթ քննարկել մասնագետների, մասնագիտացված պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։

3. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Մ.Սաղաթելյան.

Վերջին տարիներին նկատվում է Հայաստանում այսպես կոչված «արևմտյան ազատական արժեքները» քարոզող հայ հասարակության համար կործանարար ուժերի ազդեցությունը, ինչը, մեր կարծիքով, հղի է ամենաբացասական հետևանքներով: Այսօր ԶԼՄ-ները ու տարբեր վերլուծաբանները նշում են արևմտյան կենտրոնների կողմից վերահսկվող նման գործընթացների ակտիվացումը։ Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում, և ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար։


Ես լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը։ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հայտնի տխրահրչակ օրինակներով մենք հեշտությամբ կարող ենք պատկերացնել, թե ինչ գին են վճարում այն պետությունները և ժողովուրդները, որոնք դարձել են «դեմոկրատիզատոր»-նեոլիբերալների ագրեսիվ էքսպանսիայի օբյեկտ: Այս հարցերը շատ արդիական են մեր երկրների համար։

Կցանկանայի ուշադրություն հրավիրել ռուսական փորձի վրա։ Կարծում եմ՝ դուք գիտեք, որ 2020 թվականին Ռուսաստանում անցկացվել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Ռուսաստանի Հիմնական օրենքում ընդունված փոփոխությունները լուծում են համաշխարհային քաղաքականության և տնտեսության նոր պայմաններով թելադրված մի շարք խնդիրներ։ Դրանք ուղղված են պետականության ամրապնդմանը և ապագայում Ռուսաստանի հետևողական զարգացման համար առավելագույնս հարմար պայմանների ստեղծմանը։ Մասնավորապես՝ իրավական սոցիալական պետության զարգացմանը, որտեղ բարձրագույն արժեքը քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն են, մարդու արժանապատվությունն ու բարեկեցությունը։ Մեծ նշանակություն ունեն նաև փոփոխությունները, որոնց նպատակն է պաշտպանել պատմական ճշմարտությունը, պահպանել մշակույթը որպես մեր երկրի եզակի ժառանգություն, ինչպես նաև ամրապնդել Ռուսաստանի ավանդական արժեքային հիմքերը։ Այն արժեքների, որոնք, ինձ թվում է, ռուս ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի հետ, քանի որ մենք նույն աշխարհայացքային դիրքերում ենք։

Ցանկացած պետությունում, իմ կարծիքով, արժեհամակարգը հանդես է գալիս որպես հասարակության յուրատեսակ հոգևոր հիմք, ինչպես նաև ձևավորում է կյանքի ուղենիշները։ Հենց այս հիմքն է հնարավորություն տալիս պահպանել և ամրապնդել պետության ինքնիշխանությունը և ապահովել կայուն զարգացում։
Ռուսաստանի Դաշնությունը վարում է քաղաքականություն, որը դեմ է որևէ օտար արժեքների և քաղաքական վերաբերմունքի բռնի պարտադրմանը, առավել ևս, որ նման պարտադրման հետևում, հաճախ գեղեցիկ կարգախոսների ներքո, միշտ ինչ-որ մեկի եսասեր աշխարհաքաղաքական և տնտեսական շահերն են: Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե ինչ-որ մեկի թելադրանքով միօրինակության, այլ պաշտպանում է մշակույթների ու քաղաքակրթությունների բազմազանությունն ու ներդաշնակությունը:

4. «Բիլ.Արմենիա» երիտասարդական կազմակերպության հիմնադիր Տ.Օգանեսյան.

Հնարավո՞ր է ստեղծել ռուս-հայկական երիտասարդական կենտրոն, որը կլինի հասարակական, անկախ և ոչ քաղաքական կազմակերպություն, բայց կստանա աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական, երկու պետություններից։


Ռուսական մասնագիտացված կառույցները, այդ թվում՝ Ռոսսոտրուդնիչեստվոն, մշտապես մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ Սա Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Նման հարցերում գլխավորը մտածված կոնկրետ առաջարկներն են։ Եթե դրանք լինեն, ապա նման երիտասարդական կենտրոն ստեղծելու հեռանկարները կարող են ավելի առարկայական քննարկման դրվել՝ մեր երկրների շահագրգիռ կառույցների ներգրավմամբ։

5. Եվրասիական երիտասարդական վեհաժողովի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Հայ-ռուսական երիտասարդական միության համանախագահ Ռ.Պողոսյան.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում իր ելույթում պաշտպանել է 2022 թվականը Ժողովրդական արվեստի և ժողովուրդների ոչ նյութական մշակութային ժառանգության տարի հռչակելու գաղափարը։ Այս համատեքստում նախատեսվու՞մ են միջոցառումներ, այդ թվում՝ երիտասարդության ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում։


Մինչ օրս մշակման փուլում է գտնվում Ժողովրդական արվեստի և ժողովուրդների ոչ նյութական մշակութային ժառանգության տարվա ծրագիրը։ Այդ Տարվա շրջանակներում միջոցառումներ, որքան հասկանում եմ, նախատեսվում է անցկացնել տարբեր երկրներում։ Վստահ եմ, որ նրանց թվում կլինի նաև Հայաստանը։

Միևնույն ժամանակ, հայ-ռուսական հարաբերությունների համար 2022 թվականը նշանակալից է նաև մեկ այլ պատճառով՝ հաջորդ տարի մեր երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այսօր երկու երկրների արտգործնախարարությունների հովանու ներքո մշակվում է միջոցառումների լայն ծրագիր, որն ամբողջությամբ կարտացոլի նշված հոբելյանների նշանակությունը։ Մասնավորապես, հոբելյանական տարվա շրջանակներում նախատեսվում է ստորագրել 2022-2025 թվականների մշակութային համագործակցության միջգերատեսչական նոր ծրագիր, որի առանցքային միջոցառումներից են լինելու Ռուսաստանի օրերը Հայաստանում և Հայաստանի օրերը Ռուսաստանում։ Մեր դիվանագիտական հարաբերությունների տարեդարձին կանցկացվեն նաև երիտասարդական միջոցառումներ։

6. «Բիլ.Արմենիա» երիտասարդական կազմակերպության կամավոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Դ. Սիմոնյան.

Դուք ունե՞ք կարգախոսը, և ինչպե՞ս կբնութագրեք այն առաքելությունը, որն իրականացնում եք Հայաստանում՝ առանց դիվանագիտական, պաշտոնական բառապաշարի, այլ երիտասարդությանը մոտ և հարազատ լեզվով։


Հայաստանում որպես Ռուսաստանի դեսպան իմ աշխատանքը կատարում եմ՝ հիմքում դնելով այն գաղափարը, որ իրականում մեր երկրներն ու ժողովուրդները միմյանց կարիքն ունեն։ Դրա մասին է վկայում մեր հարաբերությունների դարավոր պատմությունը։ Ես իմ առաջնային խնդիրը տեսնում եմ նրանում, որ այդ կապերը չթուլանան և օգնեն բարելավել մարդկանց կյանքը։

7. «Բիլ.Արմենիա» երիտասարդական կազմակերպության կամավոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Ս. Կոստանյան.

Կյանքում ի՞նչ սկզբունքներ ունեք և արդյո՞ք ստիպված եք եղել դրանք խախտել Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում:


Եթե կարճ ձևակերպեմ, ապա կարծում եմ, որ բոլոր սկզբունքների հիմքում պետք է դոմինանտ տեղ զբաղեցնի խիղճը, այդ թվում՝ մասնագիտական գործունեության շրջանակներում։ Ես փորձում եմ այն չխախտել։

8. «Բիլ.Արմենիա» երիտասարդական կազմակերպության կամավոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Մ. Կարախանյան.

Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ երիտասարդներին:


Չէի ցանկանա երիտասարդներին ծանրաբեռնել խորհուրդներով: Ամեն մեկն իր ճանապարհով պետք է գնա։ Բայց եթե ես որևէ բան խորհուրդ տամ, դա կլինի հետևյալը. հարգանքով վերաբերվեք ինքներդ ձեզ, ուրիշներին և ձեզ շրջապատող աշխարհին:



Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS