TOP նոր
» » » Սյունիքում անվտանգության գոտու ստեղծման հարցը պետք է քննարկման առարկա դառնա

Սյունիքում անվտանգության գոտու ստեղծման հարցը պետք է քննարկման առարկա դառնա

3-04-2021, 11:52 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
Սյունիքում անվտանգության գոտու ստեղծման հարցը պետք է քննարկման առարկա դառնա


3 Ապրիլ 2021, 11:52 - NovostiNK
Սյունիքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար անվտանգության գոտու ստեղծման հարցը պետք է քննարկման առարկա դառնա։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ այս փուլում այդ հարցերը բարձրացնելու հնարավորություն կա՝ նախքան սահմանների վերջնական հստակեցումը։ «Այդ տարածքը, որը կլինի նեյտրալ գոտի, դա մանրակրկիտ աշխատանքի թեմա է։ Իսկ մինչ այդ կան շտապ քայլեր, որոնք պետք է անեն»,- ասաց նա։

Նախքան Սյունիքում սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մեկնարկը, ըստ Լարսիա Ալավերդյանի, պետք է ապահովել հետևյալը։ Նախ պետք է այնտեղ ներկա լինեն պետական այն հաստատությունները, որոնք պատասխանատվություն են կրում անվտանգության համար։

«Առնվազն մի քանի անգամ ես հարցրել եմ, որոշ վայրերում բնակիչները նշում են՝ ոչ բանակը, ոչ տարածքային կառավարման նախարարությունը այնտեղ ներկա չեն։ Սա նվազագույնն է, որ պետք է արվի։ Մարդիկ ոչ թե պետք է կազմակերպեն ինքնապաշտպանություն, այլ նախ պետք է տեսնեն, որ այնտեղ կան իշխանության ներկայացուցիչներ։ Սահմանապահը սահմանն է պահում, բայց եթե կա վտանգ, որ այնտեղ կարող են լինել այլ գործընթացներ, սահմանապահները պետք է ունենան ուղիղ կապ և բանակի հետ, և տարածքային կառավարման նախարարության հետ»,- հավելեց նա։

Ալավերդյանի խոսքով․ «Նաև հստակ պետք է նկատի ունենալ, որ այդ եռակողմ հայտարարությունն ի վերջո ունի մի կողմ, այն է՝ Ռուսաստանը, որի հետ, ինչպես ասում են, Հայաստանը խռով չէ։ Դրա համար ես համոզված եմ, որ այն իրավիճակը, որ մեջ մենք հայտնվել ենք, պահանջում է ոչ թե առանձին-առանձին որևէ հարց քննարկելու, այլ բոլորովին մի նոր երկկողմանի աշխատանքային փաստաթուղթ, որտեղ պարզ կլինի, որ այն դեպքերում, երբ Հայաստանը չի կարողանում որևէ բան անել անմիջապես Ադրբեջանի հետ, արդյոք Ռուսաստանը վերցնո՞ւմ է իր վրա իր բաժին պատասխանատվությունը»։

Ըստ նրա՝ այս երկու քայլերը պետք է արվեն, մինչև ստեղծվելիք հանձնաժողովի շրջանակներում դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրները գրագետ կլուծվեն։ «Թող մեզ անգրագետ ազգի տեղ չդնեն, այն որ իշխանության առանձին ներկայացուցիչներ կարող են անգրագետ լինել, դա չի նշանակում, որ պետությունը պետք է որպես անգրագետ հանդես գա»,- հավելեց Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ Սյունիքում այսօր խաղաղ բնակչության իրավունքները խախտված են։ «Կա մի խախտում, որը մարդու կյանքի, անձնական անձեռնմխելիությունն է, ընտանիքի և իր ապրուստի հանդեպ անձեռնմխելիությունը։ Բայց կա մի երևույթ, որին ընդհանուր ենք նայում, որը որպես ցեղասպանական գործողություն է դիտվում։ Ի՞նչ է ցեղասպանությունը, դա ամրագրված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով, որի 2-րդ հոդվածում նաև սահմանվում է, որ ցեղասպանություն է նաև «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Այսինքն՝ եթե այնտեղ ապրուստը դառնում է անհնարին, դա էլ է համարվում ցեղասպանություն։ Ես իմանալով Ադրբեջանի քաղաքականությունը և հռետորաբանությունը՝ գտնում եմ, որ այն ամենը, ինչ արվում է Սյունիքում, այդ նպատակն է հետապնդում։ Առանձին վայրերում կրակոցներ կան, մարդկանց ուղղությամբ՝ սպառնալիքներ, դա հենց այդ իմ նշած կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշով է։ Նշանակում է՝ ինչ էլ որ անում են, անում են մեկ նպատակով՝ դա ցեղասպանությունն է»,- նշեց Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ այսօր Սյունիքում մարդկանց իրավունքների խախտման հարցերը բարձրացնող միակ պետական մարմինը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է։ «Եվ այստեղ է, որ ինձ համար իրոք վրդովեցնող է, որ փոխանակ ավելացնեն բյուջեն և արդեն իսկ վտանգված այդ մարզում ստեղծեն ևս մեկ մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, կարծես թե մտադիր են գրասենյակի ծախսերը կրճատել՝ դրանով խայտառակ լինելով միջազգային ինստիտուների մոտ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS