TOP նոր
» » » Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ելման դիրքեր. Փաշինյան

Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ելման դիրքեր. Փաշինյան

13-05-2021, 10:53 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
13 Մայիս 2021, 10:53 - NovostiNK
Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ելման դիրքեր. Փաշինյան


Ուզում եմ տեղեկատվություն փոխանցել Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում ստեղծված իրադրության մասին: ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Տեղյակ եք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել եւ հատել Հայաստանի պետական սահմանը Սեւ լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, շարունակում է մնալ նույնը: Դա նշանակում է, որ Սեւ լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, եւ այնտեղ նաեւ մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն եւ բախում չկան, որովհետեւ երեկվանից աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ. «Ինչո՞ւ է իրադրությունն այսպես. նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետեւ ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է, եւ դա երեւում է դեռեւս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ»:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:

«Իհարկե, կարեւորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, երբ ադրբեջանցի զինվորները հատել են եւ մեր դիրքերի միջդիրքային հատվածներով հասել Սեւ լիճ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա առանձին քննարկման խնդիր է, որն անպայման կդիտարկվի:

Անդրադառնալով այն քննարկումներին, թե երեկ պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց այն՝ նա ասաց. «Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, որ ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը՝ տեղի է ունեցել իրադրության գնահատում, եւ տրվել է ամբողջական տեղեկատվություն»:

Փաշինյանն ընդգծեց՝ պետք է այս իրավիճակին շատ լուրջ վերաբերվել, որովհետեւ, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ:

«Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա եւ լինի անձեռնմխելի, մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր: Այսինքն՝ այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ գտնվել են նրանք մայիսի 10-ի դրությամբ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ հիմա տեղում ընթանում է աշխատանք, իսկ այսօր՝ Կառավարության նիստից հետո, տեղի կունենա անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն կքննարկեն իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ:

«Բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, եւ այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային, եւ պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք՝ իրադրության հանգուցալուծման համար: Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր, եւ այս խնդիրը մենք պետք է լուծենք»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:


Աղբյուրը՝ armtimes

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS