TOP նոր
» » » Միրզոյան․ ՀՀ-ն աջակցում է Հնդկաստանին՝ ՄԱԿ ԱԽ-ում մշտական անդամություն ստանալու ու Ջամու և Քաշմիրի հարցում

Միրզոյան․ ՀՀ-ն աջակցում է Հնդկաստանին՝ ՄԱԿ ԱԽ-ում մշտական անդամություն ստանալու ու Ջամու և Քաշմիրի հարցում

13-10-2021, 12:12 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
13 Հոկտեմբեր 2021, 12:12 - NovostiNK
Միրզոյան․ ՀՀ-ն աջակցում է Հնդկաստանին՝ ՄԱԿ ԱԽ-ում մշտական անդամություն ստանալու ու Ջամու և Քաշմիրի հարցում


«Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է ՀՀ, և այցը բավական սպասված էր։ Այն վկայում է մեր երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող ու խորացող հարաբերությունների մասին, որը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երևանում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։

Միրզոյանի խոսքերով, Հնդկաստանը ՀՀ կարևորագույն գործընկերներից է և համագործակցության հետագա ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է։

Նա գոհունակություն հայտնեց ձեռք բերված պայմանավորվածությունների համար և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ դրանք արագորեն կյանքի կոչելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով։

«Մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում ևս կշարունակի խորանալ, փոխադարձ աջակցությունը՝ ամրապնդվել։ Մենք շնորհավորում ենք Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում անցած արդյունավետ նախագահության կապակցությամբ։ ՄԱԿ-ի ԱԽ բարեփոխումների կապակցությամբ՝ վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և աջակցությունը Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամություն ստանալու հարցում»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքերով, Հնդկաստանը, որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է նպաստել, իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության, զարգացման և խաղաղության համար։

«Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումն ու շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Հայաստանը բազմիցս նշել է, որ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է ստանա իր համապարփակ կարգավորումը՝ խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, հայտնի սկզբունքների հիման վրա»,- ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Հնդկաստանի ԱԳ նախարարության այս տարվա մայիսին արված հայտարարությունը, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

«Մեր կողմից վերահաստատում ենք Հայաստանի դիրքորոշումը՝ Ջամու և Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու առումով։ Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության ու վարձկան-ահաբեկիչների՝ հակամարտության գոտիներ տեղափոխման անթույլատրելիության և դատապարտելիության հարցում»,- ասաց Միրզոյանը։


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS