
Երևանի ավագանու նիստում տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու քվեարկությունը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ. Հրաչյա Սարգսյանի թեկնածությանը քվեարկությանը մասնակցած ավագանու 57 անդամներից կողմ է քվեարկել 44-ը, դեմ՝ 10-ը, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
«Այսպիսով պետք է արձանագրել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին ավագանու որոշման նախագիծը ստանում է դրական արդյունք: Շնորհավորում եմ պարոն Սարգսյան, խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը»,-ասաց նիստը վարողը:
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը սկսել էր ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։