
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց պատերազմի հետևանքով վնասվածք ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից։ Նախարարը նշեց, որ գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցողները դիմում են նախարարություն և բուժատեխնիկական հանձնաժողովի որոշման հիման վրա նրանց տրամադրվում է հավաստագիր, որի միջոցով ձեռք է բերվում պրոթեզավորում․ «Առկա կարգավորումները և սահմանված չափանիշները թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել։
Այս կարգավորման նպատակը կայանում է նրանում, որ պատերազմի այն մասնակիցները, որոնք վնասվածքի արդյունքում ունեն պրոթեզավորման կարիք, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում կիրականացվի։ Ներկայացվող ընթացակարգը ենթադրում է առկա բուժատեխնիկական հանձնաժողովի փոխարեն ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով, այդ թվում անհրաժեշտության դեպքում նաև արտերկրից հրավիրել մասնագետներ»,-ասաց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այս որոշման հիմնական նպատակները երկուսն են․ «Առաջինը՝ ռազմական գործողությունների հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցող հայրենակիցների պրոթեզավորման գործընթացը կազմակերպել հնարավորինս արագ և իրենց համար հարմարավետ։ Երկրորդը՝ պրոթեզների որակը բարձր մակարդակի բերել։ Այս խմբի շահառուների կարիքները հոգում ենք պետբյուջեի միջոցներով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։