
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բոլոր քաղաքացիներին հորդորում է կրել դիմ:Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ավանեսյանն անդրադարձավ հանրահավաքների ընթացքում հակահամաճարակային կանոնների պահպանման խնդրին:
«Այո՛, ես էլ եմ մասնակցել միտինգներին, միշտ եղել եմ դիմակով: Միշտ եղել եմ դիմակով և բոլորին հորդորում եմ լինել դիմակով», - ասաց նախարարը։
Հարցին, թե, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին հորդորե՞լ է մարտի 1-ի հավաքին ներկայանալ դիմակով, նախարարը նշեց, որ իր հորդորն ուղղված է բոլորին։
Հայաստանում մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք, առողջացել է 179 քաղաքացի, մահացել՝ 6-ը: Մեկ օրում կատարվել է 2922 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 742038-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 պացիենտ:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։