TOP նոր
» » Բոյկոտելով թուրքական ապրանքը. կոռուպցիոն ռիսկերը, Կառավարության թերացումներն ու ներմուծողների մտավախությունները

Բոյկոտելով թուրքական ապրանքը. կոռուպցիոն ռիսկերը, Կառավարության թերացումներն ու ներմուծողների մտավախությունները

29-01-2021, 10:21 Դիտումներ: Բիզնես
Բոյկոտելով թուրքական ապրանքը. կոռուպցիոն ռիսկերը, Կառավարության թերացումներն ու ներմուծողների մտավախությունները


29 Հունվար 2021, 10:21 - NovostiNK
10 տարում (2010-2019թթ.) Հայաստանը Թուրքիայից ներմուծել է մոտ 2 մլրդ 151 մլն դոլարի ապրանք: Նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա արտահանվել է ընդամենը 13.9 մլն դոլարի ապրանք:

Տարիներ շարունակ Հայաստանում թուրքական ապրանքները բոյկոտելու կոչերն արդեն օրենքի ուժ ունեն, սակայն բազմաթիվ հարցեր դեռևս չունեն միանշանակ պատասխան. արդյոք հայկական շուկան պատրա՞ստ է թուրքականին այլընտրանք գտնել` առանց ներմուծողներին ու սպառողներին վնասելու: Զուգահեռ ասպարեզ է եկել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու թեման, որի պայմաններում թուրքական ապրանքների ներմուծման արգելքի նպատակահարմարությունը հարցականի տակ է դրվում:

Հետք Մեդիա Գործարանի կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի մասնակիցներն ուսումնասիրել են թեման ու պարզել, որ թուրքական ապրանք ներմուծող տնտեսվարողների մի մասն այս պահին դեռևս այլընտրանք չի գտել թուրքական շուկային, պետությունը թերանում է իր գործառույթներում, չկան հստակ ծրագրեր՝ ինչպե՞ս ընտրել այլ շուկաներ, ինչպե՞ս կապեր հաստատել օտարերկրյա բիզնեսմենների հետ և այլն:

Այս ամենից զատ, թուրքական ապրանքների ներմուծման արգելքը լի է նաև կոռուպցիոն ռիսկերով: Մինչ կանցնի որոշակի ժամանակ, ու պարզ կդառնա, թե ինչ ազդեցություն է թողել հայկական շուկայի վրա թուրքական ապրանքների բոյկոտը, փորձել ենք պարզել, թե արգելքի պայմաններում մաքսանենգության ինչ օղակներով կարող է թուրքական ապրանքը մտնել հայկական շուկա:
Արգելք՝ վեց ամսով

Երբ Արցախում դեռ ընթանում էին մարտական թեժ գործողությունները՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ դեկտեմբերի 31-ից արգելվեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը։

Այս որոշումը հակիրճ բացատրող և հիմնավորող հաղորդագրության մեջ Կառավարությունը նշել էր, որ որոշման հիմքում ընկած է անվտանգության խնդիրը։

Քանի որ «Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում էր Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին», թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով Հայաստանը դադարեցրեց Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:

Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և ԵԱՏՄ կարգավորումների, այս որոշումը ուժի մեջ է լինելու 6 ամիս, ժամկետը լրանալուն պես որոշումը հնարավոր կլինի երկարացնել ևս վեց ամսով։

Կարևոր է նշել, որ արգելքի տակ են ընկնում սպառման համար պատրաստի թուրքական ապրանքները, իսկ արտադրության համար անհրաժեշտ հումքի վրա այս արգելքը չի տարածվելու։ Սա նշանակում է, որ, օրինակ, տեքստիլի տեղական արտադրողները կկարողանան Թուրքիայից հումք ներկրել իրենց արտադրության մեջ օգտագործելու համար։

Թուրքական ծագում ունեցող հումքի վրա արգելքի չտարածումը հիմնավորվում է հայկական արտադրողներին չվնասելու սկզբունքով։ Նախ՝ հումքի դեպքում կարճ ժամկետում այլընտրանքային շուկաներ գտնելը մեծ դժվարություն է, ինչը կարող է վնասել տեղական արտադրողներին, և երկրորդ՝ հումքը ներկրվելուց հետո տեղական արտադրողները նոր ապրանքներ և արժեք են ստեղծում, ինչը կարող է խափանվել հումքի արգելքի դեպքում։


Հայ-թուրքական առևտուրը. բացասական հաշվեկշիռ, կախվածություն ապրանքային շուկաներից

2010-2019 թվականներին Հայասատանը տարեկան կտրվածքով 137-270 մլն դոլարի ապրանք է ներմուծել Թուրքիայից: Փոխարենը Թուրքիայում հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկ չկա: Բացի այդ՝ թուրքական կառավարությունը մաքսային տարբեր լծակներով փաստացի արգելել է հայկական ծագման ապրանքների մուտքը թուրքական շուկա: Արդյունքում, հայ-թուրքական առևտրում Հայաստանը հիմնականում ներմուծողի դերում է: Իսկ արտահանումը չնչին է:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ)՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներմուծել է 268 մլն ԱՄՆ դոլարի ապրանք։ Հայաստանի արտահանման կազմում Թուրքիայի տեսակարար կշիռը 0.1% է, ներմուծման կազմում՝ 4.9%: 2020 թվականի տարեկան տվյալները դեռևս չեն ամփոփվել, հետևաբար՝ մեր հետազոտության համար հիմք ենք ընդունել 2019-ի տարեկան ամբողջական տվյալները:

Համեմատության համար միայն նշենք, որ Թուրքիայի արտահանման կազմում Հայաստանի տեսակարար կշիռը ընդամենը 0.1% է եղել։

Ընդհանուր առմամբ, 10 տարում (2010-2019թթ.) Հայաստանը Թուրքիայից մոտ 2 մլրդ 151 մլն դոլարի ապրանք է գնել, փոխարենը Թուրքիան Հայաստանից ներմուծել է ընդամենը 13.9 մլն դոլարի ապրանք:

Բոյկոտելով թուրքական ապրանքը. կոռուպցիոն ռիսկերը, Կառավարության թերացումներն ու ներմուծողների մտավախությունները

Ինֆոգրաֆիկան՝ Սուսինա Խաչատրյանի, Հետք Մեդիա Գործարան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ Հայաստանը Թուրքիայից ներմուծում է հիմնականում վերջնական սպառման ապրանքներ, որոնք կազմում են ներմուծման մոտ 80%-ը, իսկ մնացածը միջանկյալ սպառման ապրանքներն են, այսինքն՝ հումքը։

Չնայած, որ Հայաստան ներմուծման կազմում Թուրքիան զբաղեցրել է 4.9%, սակայն կան Հայաստան ներմուծվող որոշ ապրանքներ, որոնց 50-90%-ը թուրքական ծագման է: Օրինակ՝ տրիկոտաժե պաստառները, բամբակե գործվածքները, ցիտրուսային պտուղները, ալյումինե ձողերը և այլն:

Իսկ եթե ներմուծման բացարձակ ցուցանիշներն ենք համեմատում, ապա Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների առաջատար հնգյակում են՝ նավթ-նավթամթերքը, տրիկոտաժե հագուստը, ցիտրուսային պտուղները, տրիկոտաժե պաստառներն ու բամբակե գործվածքը:

Այս գրաֆիկում առավել մանրամասն և պատկերավոր ներկայացված է հայ-թուրքական առևտուրը:

Բոյկոտելով թուրքական ապրանքը. կոռուպցիոն ռիսկերը, Կառավարության թերացումներն ու ներմուծողների մտավախությունները


Ինֆոգրաֆիկան՝ Կարին Մանուկյանի, Հետք Մեդիա Գործարան

Ներմուծողները փնտրտուքի մեջ են

Չնայած թուրքական ապրանքների ներկրումը թույլատրված էր մինչև 2020 թվականի տարեվերջ, սակայն բազմաթիվ ներմուծողներ արդեն նոյեմբերից հրաժարվել են ապրանք ներմուծել Թուրքիայից: Միևնույն ժամանակ, նրանք փաստի առաջ են կանգնել՝ չկողմնորոշվելով, թե դեպի ո՞ր այլընտրանքային շուկաները ձգտել, ինչպե՞ս վերապրոֆիլավորվել, ինչպե՞ս նոր կապեր հաստատել նոր շուկաներում:

«Իրանը կարող էր այլընտրանք լինել․ մեզ մոտ է, համ էլ իրենք էլ բարձրորակ կտորներ ունեն։ Բայց իրենց նույն որակի կտորը թուրքականի համեմատ ավելի ծանր է, նշանակում է, որ մաքսազերծումն էլ ավելի թանկ կարժենա, և արդեն իմ ապրանքի ինքնարժեքն ավելի բարձր կլինի։ Դրա համար էլ Իրանից բերելը ձեռնտու չէ»,- ասում է մանկական հագուստի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող Անահիտ Կարապետյանը։

Ներմուծողները դեռ փնտրտուքի մեջ են: Փորձում են նոր առևտրային կապեր հաստատել Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Չինաստանի շուկաներում։ Սակայն դա դյուրին գործընթաց չէ, և պետական աջակցության կարիք ունեն: Ասում են, որ Թուրքիայում իրենց վստահելի կոնտակտներն արդեն ունեին, առանց գնալու, զանգով պատվեր էին կատարում։ Մինչդեռ պատահական, անծանոթ մատակարարին հեռակա պատվեր տալ չեն կարող, պետք է գնան, տեղում որակին ու գներին ծանոթանան, պետք է դեռ մի քանի անգամ շփվեն, առևտուր անեն, որ վստահություն ձևավորվի։ Այս ամենը ժամանակ և ֆինանսներ է պահանջում։ Որոշ վաճառականներ չէին բացառում, որ ստիպված կլինեն ինչ-որ ժամանակով դադարեցնել իրենց գործունեությունը, մինչև նոր մատակարարների, ներմուծման նոր շուկայի հարցը կլուծվի։ «Ավելի լավ է իմ ունեցած հագուստեղենը վաճառեմ, պետք լինի, ոչինչ, մի քանի ամիս էլ «կսկեմ», մինչև լուծում գտնենք։ Թուրքական կտոր հաստատ չեմ բերելու»,- ասում է տիկին Անահիտը։

Ներմուծողները կարևոր են համարում թուրքական շուկային այնպիսի այլընտրանք գտնել, որ ոչ միայն գին-որակ չափանիշներով համապասխանեն թուրքական ապրանքներին, այլև՝ դիզայնով ու ոճով:

«Ղրղզստանի արտադրանքը շատ գույնզգույն է, «ճչան» գույների համադրությամբ, հագուստի ձևավորումն էլ տարբերվում է․ այդ տեսքով ու գույներով մեր շուկայում չի վաճառվի»,- ասում է առևտրական Մարինե Ղազարյանը ու ցույց տալիս մի քանի հագուստ, որոնցից որպես նմուշ պատրաստվում է Ղրղզստան ուղարկել, որպեսզի ըստ այդմ կարեն։ Իսկ թե որքանով կստացվի համագործակցությունը, դեռ չգիտի:

Չնայած, որ հայ առևտրականներն ու ձեռներեցներն օրինական ճանապարհով այլևս չեն կարողանա ապրանք ներկրել, մի շարք հասկանալի սոցիալական և սպառողների սպասումները բավարարելուն միտված պատճառներով կան ռիսկեր, որ այնուամենայնիվ մաքսանենգության փորձեր կլինեն: Ակնհայտ է, որ շատ ներկրողներ նորից կձգտեն դեպի թուրքական շուկա:

Կաշառք մաքսային մարմինների պաշտոնյաներին, ապրանքի սխալ գրանցում և այլն. կոռուպցիոն ռիսկերը՝ թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու ֆոնին

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը հիշում է, որ տարիներ առաջ շատ ապրանքներ ներմուծվում էին Հայաստան, հետո արտահանվում Ռուսաստան որպես հայկական ծագման ապրանք։ Սակայն իրականում դրանք հայկական ծագման չէին։ Հնարավոր է նմանատիպ մեխանիզմներ կիրառվեն նաև Վրաստանի միջոցով, երբ թուրքական ծագման ապրանքները ներմուծվեն Վրաստան, հետո ծագման երկրի փոփոխություն տեղի ունենա, և դրանք արտահանվեն Հայաստան։ Թե ինչքանով ՊԵԿ-ն իր օպերատիվ հետախուզական աշխատանքի միջոցով կկարողանա այդ ամենը բացահայտել, ժամանակը ցույց կտա։

Բացի այդ, բազմաթիվ այլ մաքսանենգ ճանապարհներ կան՝ հումքի անվան տակ պատրաստի ապրանքների ներմուծում, կաշառք պաշտոնայներին և այլն, որոնք պետք է մաքսային ծառայությունների խիստ հսկողությանն արժանանան:

«Սահմանափակումների շրջանցման ուղղություններից մեկը կարող է լինել կաշառք առաջարկելը համապատասխան պաշտոնյաներին։ Այդպիսի ռիսկ տեսականորեն կա, թե որքանով իրականություն կդառնա, կդժվարանամ պատասխանել։ Երբ էմբարգո է սահմանվել, Կառավարությունը բավականին մանրամասն ուսումնասիրել է խնդիրը, և այն ապրանքները, որոնց ներմուծման արգելը կվնասի մեր տնտեսությանը, օրինակ՝ տրիկոտաժը բացառվել է էմբարգոյի ցանկից։ Առանձին ապրանքատեսակների գծով ներմուծումը հնարավոր է։ Տեսականորեն հնարավոր է նաև, որ պատրաստի ապրանքը ներմուծվի հումքի անվան տակ: Ամեն ինչ էլ հնարավոր է։ Գուցե փորձեն նաև սահմանը անցնել՝ շրջանցելով մաքսակետը։ Հայ-վրացական սահմանն այնպես չէ, որ խիստ հսկվում է։ Հազար-հազար ուղղություններ են հնարավոր»,- նշում է Հայկազ Ֆանյանը:

Տնտեսագետն առայժմ գնահատական չի տալիս, թե որքանով են պետությունն ու բիզնեսն այսօր պատրաստ հրաժարվել թուրքական ապարնքներից: Միայն նշում է, որ որոշ ապրանքների գներ կարող են բարձրանալ:

Պատահական չէ, որ հայ տնտեսվարողները տարիներ շարունակ ապրանքներ են ներմուծել Թուրքիայից: Դա ֆինանսապես ձեռնտու է եղել և՛ լոգիստիկ առումով՝(մոտ ճանապարհներ, ավելի էժան բեռնափոխադրում), և՛ գին-որակ չափանիշներով: Հայ սպառողների մեծ մասին բավարարել են թուրքական ապրանքների միջին որակն ու գինը, հետևաբար՝ տարիներ շարունակ այդ ապրանքների նկատմամբ պահանջարկ է եղել: Սակայն, արցախա-ադրբեջանական սահմանին թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմը հետին պլան մղեց տնտեսական հաշվարկները՝ առաջնահերթությունը զիջելով քաղաքականին ու անվտանգությանը:



Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանն էլ 2020-ի դեկտեմբերին մեզ հետ հեռախոսազրույցում կանխատեսել էր առևտրականների խոշոր դժգոհություններ 2021-ի տարեսկզբից: «Մենք ասոցիացիայով տարածել ենք տեղեկություն, խնդրել ենք բոլոր այն մարդկանց, որոնք դեռ փոխարինող ապրանքներ չեն գտել կամ ինչ-որ խնդիրներ ունեն` մեզ տեղյակ պահեն։ Դեռ ոչ մի բան չեմ լսել, ենթադրում եմ պարզապես անտեսել են մեր գրածը։ Հունվարին՝ պոստֆակտում գալու են ու փորձելու են ինչ-որ հարց լուծել»,- ասաց Օսիպյանը։

Նրա կարծիքով՝ շատ տնտեսավարողներ թուրքական ապրանքներին փոխարինող տարբերակներ չեն գտել օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։

«Նաև ես դեռ չգիտեմ, թե պետական ապարատում ոնց են ապահովելու այդ մարդկանց աջակցությունը։ Եթե ինչ-որ տնտեսվարող գա և ասի՝ չեմ կարողանում գտնել որևէ ապրանք արտադրող փոխարինողի, կա՞ կառույց, որն իրենց կօգնի, թե՞ ոչ», - ասաց Օսիպյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է, որ եթե պետական մակարդակով որոշակի ապրանքների ներկրման արգելք է սահմանվում, պետք է այլընտրանքով ապահովել, ներկրման փոխարինման ռազմավարություն մշակել, ծրագրեր իրականացնել։ Բայց այս ընթացքում որևէ նման ծրագիր չի իրականացվել։ Այն, ինչ եղել է, առանձին անձանց և կազմակերպությունների նախաձեռնությամբ է եղել։

«2016-ին քննարկվում էր, որ տեղական տեքստիլ արտադրողները թուրքական ապրանք վաճառողներին կարող են ինքնարժեքով կամ ինքնարժեքին մոտ գնով հայրենական արտադրության ապրանքներ տրամադրել որոշ ժամանակով, որպեսզի նրանք կարողանան գրավել շուկան և թուրքական ապրանքը դուրս մղեն շուկայից։ Նման պայմանավորվածությանը կարող է նպաստել միայն պետությունը։ Մինչդեռ պետությունն այս առումով վերջին երկու-երեք ամիսներին անգործության է մատնված»,- նշում է Սուրեն Պարսյանը:

Նա հիշեցնում է, որ այս թեմայոբ կառավարության երկու որոշում է ընդունվել կամ բարձրաձայնվել: Մեկով ասվում է, որ թուրքական ապրանքների ներկրումը պետք է սահմանափակել, մյուսով ասվում է, որ ուզում ենք ակտիվացնել առևտրատնտեսական կապերը Թուրքիայի հետ։ Սրանք իրար հակասող որոշումներ են։ Արդյունքում տնտեսվարողը, որ Հայաստանում պետք է ներդրում կատարեր և թուրքական ապրանքներին փոխարինող հայրենական արտադրանք թողարկեր, լուրջ անորոշության առջև է կանգնած։ Նա չի հասկանում՝ հնարավոր է 6 ամիս հետո կամ նույնիսկ մինչև 6 ամիսը լրանալը փոխվի քաղականությունը, թե ոչ։ Որոշումն ընդունելուց հետո սկզբնական շրջանում մեծ աշխուժություն կար փոխարինող արտադրություններ բացելու առումով, բայց արդեն վերջին շրջանում այդ ողջ գործընթացը սառեցվեց անորոշության պատճառով։

«Եթե անգամ 6 ամիս հետո թուրքական ապրանքների ներկրումը թույլատրվի, ապա տեղական արտադրությունն ուղղակի չի կարող մրցակցել այս պայմաններում։ Նախ՝ Թուրքիան ունի մասշտաբի էֆեկտ, ավելի մեծ քանակով է ապրանքներ արտադրում, երկրորդ՝ թուրքական արտադրողները ստանում են բավականին մեծ պետական աջակցություն սուբսիդիաների տեսքով, երրորդ ՝ թուրքական լիրան շատ արժեզրկված է, ինչը թույլ է տալիս անհամեմատ էժան գներով ապրանք արտահանել»,- նշում է Սուրեն Պարսյանը:

Մաքսային ծառայությունը հավաստիացնում է, որ ունի բոլոր լծակները՝ մաքսանենգությունը կանխելու համար

Պետական եկամուտների կոմիտեին, որի կազմում են Հարկային ու Մաքսային ծառայությունները, խնդրել ենք պատասխանել, թե Մաքսային ծառայությունը ինչ հնարավոր լծակներ ունի ապրանքի ծագման երկրի փոփոխության խախտումները պարզելու և կանխելու համար, ինչպես նաև՝ թե ինչ քայլեր են ձեռնարկվել թուրքական պատրաստի ապրանքը հումքի անվան տակ Հայաստան ներմուծելու ռիսկը հնարավորինս կառավարելու համար։

Մաքսայինից մեզ պատասխանեցին, որ ապրանքների ծագումը հավաստվում է բոլոր այն դեպքերում, երբ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել են նշաններ, որ տվյալ ապրանքները ծագում են այնպիսի երկրից, որտեղից ներմուծումը արգելված է։

Իսկ ապրանքի ծագումը հավաստվում է ապրանքի ծագման հավաստագրով, ստուգում են ապրանքների ծագման մասին տեղեկությունները, դրանց հավաստիությունը, փաստաթղթերի կազմելու և լրացնելու ճշտությունը։ Այն դեպքերում, երբ ապրանքի ծագումը անհայտ է, և կասկած է առաջանում, որ հնարավոր է տվյալ ապրանքի վրա տարածվեն սահմանափակումներ, Մաքսային ծառայությունն իրավունք ունի պահանջել ապրանքի ծագման մասին փաստաթղթեր։

Մեր հարցման մեջ նաև խնդրել էինք պարզաբանել, թե ՊԵԿ-ը ինչ քայլեր է նախատեսում մաքսային ծառայությունում կաշառք ստանալու կամ առաջարկելու դեպքերը կանխելու համար։

ՊԵԿ-ից մեզ հայտնեցին, որ մաքսային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ։ Սակայն այս համակարգի մեջ ներառված՝ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները գաղտնի են և ենթակա չեն հրապարակման։

ՊԵԿ-ից մեզ հայտնեցին նաև, որ օժանդակության խնդրանքով դիմել են Վրաստանի Հանրապետությանը՝ Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխվող թուրքական ծագման ապրանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հարցում։

Էկոնոմիկայի նախարարությունը հատուկ ծրագրեր չունի թուրքական ապրանքների ներմուծման արգելքի բացասական հետևանքները մեղմելու համար

Քանի որ տարբեր պաշտոնյաներ եւ մասնագետներ նշում են, որ արգելքի բացասական ազդեցությունը մեղմելու համար ներմուծումը հնարավորինս պետք է փոխարինել տեղական արտադրության զարգացմամբ, հարցումով դիմեցինք նաև Էկոնոմիկայի նախարարություն։

Մասնավորապես խնդրեցինք հայտնել, արդյոք նախարարությունն արդեն ընդունել կամ պլանավորում է ընդունել որոշումներ կամ ոլորտի նոր կարգավորումներ, որոնք կնպաստեն տեղական արտադրանքի զարգացմանը։

Էկոնոմիկայի նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ արգելքի որոշումից բխող և տեղական արտադրության զարգացմանը նպաստող հատուկ փոփոխություններ կամ հատուկ միջոցառումներ չեն նախատեսվում։

Մեզ ուղարկած պատասխան նամակում, որի տակ ստորագրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, սկզբից մինչև վերջ նախարարության վերլուծությունն է, թե ինչ ապրանքներ է Թուրքիայից ներմուծում Հայաստանը, որոնք կարելի է փոխարինել տեղականով: Իսկ թե ինչպես պետք է փոխարինել, նախարարությունը չի ներկայացնում: Մինչդեռ, այս պահին նախարարությունից հենց դա են ակնկալում լսել տնտեսվարողները:



Նախարարությունը հիմնական շեշտը դնում է Թուրքիայից ներմուծվող ապրանքների համադրելի որակներով փոխարկելիություն վրա։ Ըստ նախարարության՝ հետազոտությունները ցույց են տվել, որ նույն որակի և տեսակի վերջնական սպառման ապրանքներ Հայաստան կարող են ներմուծվել այլ երկրներից, սակայն ընդունում են, որ այս անցումը կպահանջի որոշակի ժամանակ։ Օրինակ՝ տեքստիլի դեպքում ուղղորդում են կենտրոնանալ հետևյալ շուկաների վրա՝ Չինաստան, ԱՄԷ, ԵՄ երկրներ, Միացյալ Նահանգներ, ԻԻՀ, Վիետնամ, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Հնդկաստան, ՌԴ, Պերու, Թունիս:

Նախարարությունը նաև պնդում է, որ նման ապրանքները կարող են արտադրվել Հայաստանում նույնպես՝ նշելով տեքստիլ արտադրության ոլորտում գործող տնտեսվարողների արտադրական մեծ ներուժը։

Նախարարության պատասխանն ամբողջությամբ՝ այստեղ։

Թե ինչ ազդեցություն կունենա թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող էմբարգոն Հայասատում, ժամանակը ցույց կտա: Սակայն, ակնհայտ է, որ այս հարցում միայն բիզնես-պետություն համագործակցությամբ ու ճիշտ ընտրված ծրագրերով կարելի է հասնել ցանկալի ու անվնաս արդյունքների: Այս առումով Էկոնոմիկայի նախարարությունն արդեն իսկ ուշացել է, քանի որ օրենքն արդեն ուժի մեջ է: Այս տեմպով շարունակելու դեպքում, դատելով փորձագետների կանխատեսումներից՝ տուժելու են ինչպես սպառողներն, այնպես էլ ներմուծողները։

Հիշեցնենք, որ արգելքը կգործի վեց ամիս, դրանից հետո արդեն պարզ կդառնա՝ արգելքի մասին նոր որոշում կընդունվի՞, թե՞ Կառավարությունը կփոխի իր դիրքորոշումը:



Աղբյուրը՝ hetq.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS