Վերջին օրերին Թուրքիայի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքները նորություն չեն, ուղղակի հռետորաբանությունն է դարձել ավելի ռադիկալ և ագրեսիվ, Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
«Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կապակցությամբ Թուրքիայի կողմից Ադրբեջանին հայտնած անվերապահ աջակցությունն, այդ թվում՝ նաև ռազմական գործողությունների ծավալման հարցում, ըստ Էության, իր մեջ որևէ անակնկալ չի պարունակում Հայաստանի համար: Անկարան անվերապահ աջակցություն էր ցուցաբերում Բաքվին նաև 2016 թվականին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում: Ղարաբաղյան հիմնախնդիր լուծման ցանկացած տարբերակում Ադրբեջանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին Թուրքիայում հայտարարվում է պարբերաբար», - նշել է նա:
Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին, որ Թուրքիան Սիրիայում գրոհայինների է հավաքագրում Ադրբեջան ուղարկելու համար, փորձագետը միանգամայն հավանական է համարում նման սցենարը հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում:
«Որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Սիրիայում կռվող վարձկանների մի ստվար մասը Թուրքիայի ազդեցության տակ է, և Սիրիայում վերջին շրջանում «անգործության» մատնված վարձկաններին Թուրքիան տեղափոխում է այլ երկրներ, մասնավորապես Լիբիա, տեղում իր առջև դրված աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար: Թուրքիայի կողմից վարվող նեո-օսմանիզմի քաղաքականության և Ադրբեջանին տրված աջակցության խոստումների ֆոնին, իհարկե, Սիրիայից վարձկանների Ադրբեջանում հայտնվելու հավանականությունը բավականին բարձր է», - նշել է Վարդանյանը՝ հիշեցնելով, որ դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ կային խոսակցություններ ադրբեջանական կողմից «Իսլամական պետության» վարձկանների առկայության մասին:
Փորձագետն ընդգծել է, որ Հայաստանի համար Թուրքիայից եկող մարտահրավերներն ուղղակի տեսական չեն, դրանք ցանկացած պահի կարող են դառնալ իրականություն:
«Ուստի, Հայաստանի և մեր տարածաշրջանի համար Թուրքիայից բխող անվտանգային սպառնալիքները միջազգային հանրության համար ավելի տեսանելի և ընկալելի դարձնելու ուղղությամբ հայկական դիվանագիտության աշխատանքը պետք է կրի մշտական և հետևողական բնույթ, ոչ թե՝ իրադարձային: Չպետք է սահմանափակվել միայն վերջին օրերի հայտարարությունների և գործողությունների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով», - նշել է Վարդանյանը:
Նրա կարծիքով՝ վերջին շրջանում մեզ վերաբերող հարցերում և ընդհանրապես տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին Հայաստանի արձագանքը կարող էր և պետք է ավելի կոշտ լիներ:
«Հայաստանը պետք է ակտիվորեն ներգրավվի Թուրքիայի ապակայունացող գործողությունների դեմ պայքարող երկրների արշավում: Մեր կողմից որոշակի ակտիվություն այս հարցում ցուցաբերվել է Հունաստանի և Կիպրոսի հակաթուրքական նախաձեռնություններում, սակայն այս հարցում ակտիվ համագործակցության կարիք կա նաև տարածաշրջանային այլ երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ», - նշել է նա:
«Հայաստանի ակտիվ ներգրավումը տարածաշրջանային երկրների հակաթուրքական պայքարում ոչ միայն աշխարհի համար ավելի տեսանելի կդարձնի հարևան երկրների և տարածաշրջանների համար այդ երկրից բխող անվտանգային մարտահրավերները, այլև կնպաստի հակաթուրքական ճակատում ներգրավված տարբեր երկրների հետ համագործակցության խորացմանը և Հայաստանի տարածաշրջանային դերի մեծացմանը», - եզրափակել է փորձագետը:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07