TOP նոր
» » » Նոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն. Վահե Հովհաննիսյան

Նոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն. Վահե Հովհաննիսյան

30-01-2021, 12:18 Դիտումներ: Բիզնես » Կարծիքներ
30 Հունվար 2021, 12:18 - NovostiNK
Նոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն. Վահե Հովհաննիսյան


Մեր ընտրությունը մեծ չէ, այն կոշտ է, առանց ավելորդ սենտիմենտի՝ նոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն, և կա դրա ամենավատ տարբերակը՝ և´ նոր պատերազմ, և´ նոր խաղաղություն։

Ցավոք, հեռանկարը կախված չէ միայն մեզնից, բայց մենք պետք է անեք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ունենանք միակ ճիշտ տարբերակը՝ նոր խաղաղությունը։

Այսօրվա Հայաստանի իրականությունը տանում է նոր պատերազմի։ Անիմաստ ղեկավար, չաշխատող պետական համակարգ, անհասկանալի ընդդիմություն, մոլորված բնակչություն ու սրընթաց ավելացող ռիսկեր։ Հանրային կյանքում չկա ո´չ մի տեսլական, որը հասկանալի կլինի հասարակությանը, հարևաններին, արտաքին աշխարհին։ Ճակատագրական նոնսենս է, բայց մենք անհասկանալի ենք նաև այսօր մեր անվտանգությունն ապահովող հիմնական դաշնակցին։ Նա, ով իր զինվորով ապահովում է մեր անվտանգությունը, նույնպես մեզ չի հասկանում։

Եթե Ռուսաստանում աճեց ներքին լարվածությունը, ապա այսօրվա Հայաստանը շատ արագ կդառնա նոր պատերազմի թատերաբեմ՝ Սյունիքից մինչև Երևան։ Եվրանյուզը կհեռարձակի մեկ սյուժե, Կիպրոսի որևէ գյուղաքաղաքի մի պատգամավոր կանի հայանպաստ հայտարարություն. սա էլ կլինի միջազգային արձագանքը և Արևմտյան դեմոկրատիայի աջակցությունը։

Հայաստանին ծանր հարված հասցնելուց հետո մնացած Հայաստանին կպարտադրվի խաղաղություն՝ կա´մ թուրքական որևէ վիլայեթի, կամ Աբխազիայի կարգավիճակներով մի բան։ Ընդ որում, դա էլ չենք մենք որոշելու։

Չափազանց դժվար է գրել այս սցենարը, բայց, ունենալով նախորդ երկու տարիների ողբերգական փորձը, երբ վերահաս պատերազմի մասին անընդհատ խոսելով չստացվեց այն լսելի դարձնել հանրությանը, ստիպված ես այս անգամ ասել ավելի պարզ ու մատչելի։

Նոր խաղաղություն

Հին այլևս ոչինչ չկա՝ ո´չ հին Հայաստանը կա, ո´չ հին Արցախը, ո´չ հին Ադրբեջանը, ո´չ հին Կովկասը, ոչ՝ հին կյանքը։ Խաղաղությունը, որը մենք կարող ենք ունենալ, և որը մեր նպատակը պետք է լինի, նույնպես այլևս նորն է լինելու։ Հայաստանի քաղաքական միտքը, հայ ժողովրդի հավաքական մտավոր ռեսուրսը նոր պատերազմի բացառման և նոր խաղաղության հաստատմանը պետք է ուղղված լինի։
Իսկ, այն ինչը մենք ունենք այսօր, ուղիղ ճանապարհն է դեպի նոր սամռկեցուցիչ պատերազմ՝ անմիտ, անպոտենցիալ կառավարություն, որի գոյության միակ իմաստը Փաշինյանին վարչապետ պահելն է։ Ու այդ անգործունյա իշխանությունն ամեն օր մեզ մոտեցնում է նոր պատերազմին։ Իսկ հընթացս ստեղծված արհեստական ու անծրագիր ընդդիմությունը ոչինչ անել չի կարող այս ընթացքը կասեցնելու համար։ Իսկ երկրի բնակչությունը հիմնականում իներցիայով ապրում է՝ այսօր խաղաղ է, այսօր դեռ ուտելու բան կա։
Մեր պատմական խնդիրն այսօր «Նոր խաղաղության» էությունը հասկանալն է, դրան պատրաստվելն է՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, ռեսուրսային, ծրագրային...

Ստացվեց այնպես, որ մենք պատրաստ չէինք պատերազմի, ու դրա արդյունքը ողբերգական էր։ Խաղաղությանն անպատրաստ լինելը պակաս ողբերգական չի լինելու։ Խաղաղությունը նույնպես կոշտ մրցակցություն է՝ խաղաղ ճանապարհով սեփական շահերը պաշտպանելու կարողություն, նոր ծրագրերի գեներացման և իրականացման ունակություն, ռեսուրսներ, հարևաններին բան առաջարկելու և առաջարկ լսելու պոտենցիալ, դաշնակցի համար բացարձակ վստահելի և ոչ բարեկամի հանդեպ վճռական լինելու կեցվածքով։ Այսօրվա անիմաստ կառավարությունը և ընդդիմության խորքային անպատրաստությունը Հայաստանը դարձնում են անպատրաստ նաև խաղաղությանը։ Իսկ եթե մենք ո´չ պատերազմի ենք պատրաստ, ոչ՝ խաղաղության, ապա ամեն մեկն իր շահը մեզնից ստանալուց հետո մեզ կպարտադրի ինչ-որ ամորֆ մի վիճակ։ Սա է խնդիրը, ու այս հեռանկարը չստանալու համար է պետք նոր, լուրջ լուծումներ գտնել և հիշել, որ ժամանակը շատ քիչ է։

Իմ խորին համոզմամբ՝ նոր քաղաքական հոսանքի (հոսանքների) ձևավորումը միակ իրական ճանապարհն է՝ երկրում երկարատև խաղաղություն ունենալու և պետության էական մոդեռնիզացիայի համար։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS