TOP նոր
» » » «Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…». նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…». նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

27-01-2021, 08:21 Դիտումներ: Այլ » Մշակույթ
27 Հունվար 2021, 08:21 - NovostiNK
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…». նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված


«Հայի համար երաժշտությունն ապաշխարանքի ձեւ է: Մի անգամ Փարիզում ես հանդիպեցի 90-ամյա մի կնոջ: Նա պատմեց, թե ինչպես է Կոմիտասը հյուր գնացել իրենց, երբ ինքն ու քույրը դեռ երիտասարդ էին: Կոստանդնուպոլսում նրանց տանը երաժշտական գործիք կար, եւ իրենք Կոմիտասին խնդրեցին երգել: Նա հայկական ժողովրդական երգ կատարեց՝ ինքն իրեն նվագակցելով: Քույրերը եվրոպական երաժշտություն էին սովորում եւ խնդրեցին իրենց համար եվրոպական մի բան երգել: Կոմիտասը Շուբերտ երգեց: Պատուհանը բաց էր, եւ մինչ նա երգում էր, փողոցում մարդիկ էին հավաքվել, որոնք հետո բարձր ծափահարեցին: Այդ պատմությամբ իմ զրուցակիցն ուզում էր ասել, թե որքան լավ է Կոմիտասը Շուբերտ կատարել: Իսկ ինձ հետաքրքրում էր, թե ինչպես է նա ցածր, իր ներսում երգել մեր երգը, չէ՞ որ Կոմիտասը լավ ձայն ուներ: Բայց մարդիկ պատուհանի տակ չէին հավաքվել: Ինչո՞ւ: Որովհետեւ մեր երգը ցածր է երգվում: Այդպիսին է նրա էությունը: Այդ պատճառով ես երաժշտությունը բաժանում եմ ներսում կատարվող եւ արտաքին աշխարհին ուղղված երաժշտության: Ես շատ եմ գնահատում երաժշտությունը, որն ուղղված է ներս»:

Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ



Համեստ, ազնվազարմ, պարկեշտ, հանճարեղ. այսպիսին է նրա ճշմարիտ բնութագիրը, մի արվեստագետի, որի մասին ժամանակին այսպես է բարձրաձայնել մեր մեկ այլ մեծ՝ Հրանտ Մաթեւոսյանը. «Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու»:

Վաստակաբեռն կոմպոզիտորը ծնվել է Բեյրութում 1939 թ. հունվարի 27-ին: Ութ տարեկան էր, երբ նրանց ընտանիքը հայրենադարձվում է՝ հանգրվանելով Արթիկում: Երաժշտական կրթությունն ստացել է նախ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, այնուհետեւ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժիններում, ավարտել ասպիրանտուրան: Երկու տարի դասավանդել է մայր երաժշտանոցում, իսկ 1992-95 թթ. պաշտոնավարել որպես բուհի ռեկտոր:

Ինչպես ինքը՝ հանճարեղ կոմպոզիտորն է իմաստնանում՝ «Առանց առաքելության չկա տաղանդ: Եթե մարդն արվեստ է եկել առանց ներքին ծրագրի, դա տաղանդ չէ: Ուղղակի լինում են մարդիկ, որոնք կարողանում են ձեւացնել»:

Տիգրան Մանսուրյանի պարագայում այդ առաքելությունն ի վերուստ էր, քանզի երաժշտության մեջ մտնելը նրա համար համազոր էր սուրբ տաճար մտնելուն: Եվ այդ տաճարում նրա «ստեղծագործական աղոթքը» սկսվելու էր ուսանողական տարիներից, արժանանալու էր նախկին միության երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին, ՀԼԿԵՄ, ՀԽՍՀ պետական, այնուհետեւ՝ 1993 թ. ՀՀ մշակույթի նախարարության՝ Արամ Խաչատրյանի անվան մրցանակների, ՀՀ Մեսրոպ Մաշտոցի, Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի շքանշանների, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ ժողովրդական արտիստի կոչումների: Գնահատանքի այսպիսի հունձքն արգասիք էր ահռելի այն վաստակի, որ ունեցավ մեր ժամանակների խոշոր կոմպոզիտորներից մեկը, ով առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ, ով գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է Կոմիտասյան սկզբունքները:

Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից, մեր հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով, առանձնանում են պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով:

Տիգրան Մանսուրյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում. գրել է սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտա», «Պրելյուդներ», «Գիշերային երաժշտություն», «Ինտերիեր» լարային կվարտետը, կոնցերտներ՝ թավջութակի եւ նվագախմբի, ալտի եւ նվագախմբի, Կրկնակի կոնցերտ՝ ջութակի, թավջութակի, լարային նվագախմբի համար, «Երեք արիա՝ երգելու Արարատին բաց պատուհանից»՝ ալտի եւ նվագախմբի համար, «Ո՞ւր է, Աբել, եղբայրը քո»՝ թավջութակի եւ մեծ նվագախմբի համար:

Բազմաժանր է մանսուրյանական երաժշտական ձեռագիրն ու ստեղծագործական ներկապնակը. գրականության, պոեզիայի քաջագիտակ ու սիրահար կոմպոզիտորը ստեղծել է վոկալ շարքեր՝ «Ռոմանսներ Գարսիա Լորկայի խոսքերով», «Չորս հայրեն Նահապետ Քուչակից», «Մայրամուտի երգեր»՝ Համո Սահյանի, «Երկիր Նաիրի»՝ Վահան Տերյանի, «Գարնան երգեր»՝ Հովհ. Թումանյանի, «Արվեստ քերթության»՝ Եղիշե Չարենցի, խմբերգեր՝ «Երեք ասացված Կոմիտասի հիշատակին» Կոստան Զարյանի խոսքերով, սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք՝ ձայնի եւ տրիոյի համար, «Հավատով խոստովանիմ»՝ ալտի եւ անսամբլի համար, աղոթքների շարք՝ ըստ Ներսես Շնորհալու, «Ձյունե թագուհին» բալետը՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, այլ հնչեղ ստեղծագործություններ:

«Երբեմն մտածում եմ,- գրել է կոմպոզիտորը,- ես իմ կյանքը չեմ ապրել, այլ եղել եմ ենթական այն հրամանի, ի վերուստ տրված այն հանձնարարականի, որն ինձ ստիպել է եւ առ այսօր ստիպում է անցնել այդ ամբողջի միջով»:

Ի վերուստ տրված հանձնարարականի նվիրյալ արվեստագետի ստեղծագործության շքեղ փայլատակումներից է նրա կինոերաժշտությունը, որով անկարող է չսքանչանալ որեւէ ունկնդիր. «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ճերմակ անուրջներ»… Ֆիլմեր, որոնք առավել հոգեհարազատ են դառնում շնորհիվ դրանցում հնչող մեղեդային ու քնարական երաժշտության՝ նպաստելով կինոնկարների գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը:

Մանսուրյանական բարձրարվեստ ու բարձրաճաշակ երաժշտությունը վաղուց ի վեր խաչաձեւել է մոլորակը եւ հնչել աշխարհի տարբեր հորիզոնականներում: Նրա ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Մոսկվայի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ու այլ քաղաքների ամենահամբավավոր ու խոշորագույն համերգային դահլիճներում: Նրա գործերը բարձր են գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նա իր երկրի նվիրյալ Զինվորն է իր առաքելության տիրույթում, իր տառապած հող-հայրենու սիրահարը:

«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ,- խոստովանում է երաժիշտը,-լինի դա Լոռի, Շիրակ, Արարատյան դաշտ, Զանգեզուր, ամենուրեք… Ես մի օր գնում էի Գորիս, եւ երբ ճանապարհին իջանք մեքենայից, դաշտ մտա, դաշտի եզրին մի շատ գեղեցիկ ծաղիկ կար: Երկար մտածեցի՝ պոկեմ, վերցնեմ-չվերցնեմ: Վերջը թողեցի, եւ երջանիկ եմ, որ այդ ծաղիկն այնտեղ եմ թողել, եւ միտքս դեռ իր հետ է…»:

Ահա այսպես: Իսկ ես այս ասելիքն ամփոփեմ նորից իր մտորումներից մեկով. «Երաժշտության մեջ մտնելն ինձ համար սուրբ տաճար մտնել է՝ անկախ նրանից՝ այդ պահին ունկնդիր եմ, թե հորինող կամ կատարող…»:

Իսկ մեր հոգիները մշտապես ունկնդիր են Ձեր արեւոտ մեղեդիներին, մեծանուն Հայ: Եղեք առողջ ու միշտ արարման աստվածային ոլորտներում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS