
«Բիթլզը» զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտությանը և մասնագետների կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով: Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ դարձել են այդպիսին «Բիթլզի» երգերի ազդեցությամբ: Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին` «Please Please Me/Ask Me Why» սինգլի թողարկումից հետո և իր ստեղծարարությամբ սկիզբ դրեց գլոբալ մի երևույթի՝ «բիթլմանիա» անունով: Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները: Խմբի երաժիշտներին, իրենց պրոդյուսերին և ձայնային ռեժիսոր Ջորջ Մարտինին են պատկանում ձայնագրության բնագավառի նորարարություններ՝ տարբեր ոճերի համադրությունը, այդ թվում՝ սիմֆոնիկ և փսիխոդելիկ երաժշտությունը, ինչպես նաև տեսահոլովակների նկարահանումը։
«Բիթլզի» ստեղծագործությունների մեծամասնությունը ստեղծված են համահեղինակային ու ստորագրված Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի անուններով: «Rolling Stone 500» ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմը (և ևս չորս ալբոմ առաջին տասնյակում): «The Beatles» ալբոմը ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվեց պլատինե: Խումբը նվաճել է 7 Գրեմմի մրցանակ: «Let it Be» ֆիլմը ստացավ երկու «Օսկար» մրցանակ: Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ «Rolling Stone» ամսագրի՝ «Բիթլզը» «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։
«Բիթլզի» անդամները դադարեցրին իրենց համատեղ աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը: Իսկ արդեն խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան: 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը: Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել: