
Ուկրաինան ստացել է Արժույթի միջազգային հիմնադրամի երկամյա վարկային ծրագրի առաջին տրանշը` ավելի քան 3 մլրդ դոլար ծավալով: Այս մասին ИТАР-ТАСС գործակալությանը հայտնել են Ուկրաինայի Ազգային բանկի մամլո ծառայությունից:
«Մենք հաստատում ենք այդ տեղեկատվությունը: Տրանշը կազմել է 2,058 մլրդ ՀՓԻ (Հատուկ փոխառելիության իրավունք/SDR) կամ ավելի քան երեք մլրդ դոլար», - հայտարարել են մամլո ծառայությունից:
Ինչպես արդեն հայտնել էինք` Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հավանության էր արժանացրել Ուկրաինային 17 մլրդ դոլար վարկային օգնության տրամադրման նախագիծը: Վարկային օգնությունը կտրամադրվի առաջիկա երկու տարիների ընթացքում:
ԱՄՀ-ի տարածած համապատասխան հայտարարությունում նշվում էր, որ տվյալ ծրագիրը նախատեսված է Ուկրաինայի ֆինանսական կայունության վերականգնման և դրա երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման համար: Այդ գումարից 12 մլրդը նախատեսված է որպես վարկային օգնություն, իսկ 5 մլրդը տրամադրվելու է որպես վերաֆինանսավորում: Նախապես արդեն հայտարարվել էր, որ 3,2 մլրդ դոլարը որպես առաջին տրանշ տրամադրվելու էր անմիջապես: Դրանցից երկու մլրդը նախատեսված է պետբյուջեի ֆինանսավորման համար: