
Երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հիմնական մրցակիցը` բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հրաժարվել է դնել իր թեկնածությունը հօգուտ միլիոնատեր «շոկոլադի արքա» Պյոտր Պորոշենկոյի: Կլիչկոն ու նրա «ՈւԴԱՌ» կուսակցությունը և Պորոշենկոն «միացման մասին դեկլարացիա» են ստորագրել, որը ենթադրում է միասնական ընտրարշավի կազմակերպում:
Խոստանալով Ուկրաինան հեռացնել Ռուսաստանից ու շարժվել դեպի Եվրոպա` Պորոշենկոն նաև հայտարարել է.
«Մեր գլխավոր առաջնայնությունը երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումն է: Մենք աշխատելու ենք երկրի միասնականության համար»:
Շուրջ մեկ ամիս առաջ ազատության մեջ հայտնված Տիմոշենկոն շարունակում է մնալ պատկառելի քաղաքական գործիչ: Հարցումները ցույց են տվել, որ «Գազի արքայադուստր» մականունն ունեցող Տիմոշենկոն դեռևս մեծ թվով աջակիցներ ունի: Նա բացահայտորեն հայտնել է, որ մեղմ ասած Ռուսաստանի երկրպագուն չի հանդիսանում:
«Եթե Ուկրաինան ինձ որպես նախագահ ընտրի, ես ագրեսորին թույլ չեմ տա, որ առանց պատերազմի Ուկրաինայի տարածքից նույնիսկ մեկ սանտիմետր հող վերցնի»,- խոստացել է Տիմոշենկոն:
Ռեգիոնների կուսակցությունից նախագահական ընտրություններում թեկնածություն է առաջադրել Խարկովի շրջանի նախկին ղեկավար Միխայիլ Դոբկինը: Նա մասնավորապես հայտարարել է.
«Քանի որ Եվրոպայի հետ մեր հարաբերությունները քիչ թե շատ նորմալ են, իսկ ԱՄՆ-ը մեզ օգնում է, մենք պետք է բարեկամական հարաբերությունները վերադարձնենք Ռուսաստանի Դաշնության հետ: Հենց դրանով էլ ես զբաղվելու եմ»:
Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար մրցողների թվում են նաև «Ազատություն» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկն ու «Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշը: