
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները դիտակետերում ծառայող զինծառայողներին շնորհավորել են Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:
Խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից զինծառայողներին են հանձնվել պատվոգրեր, ՌԴ ՊՆ գերատեսչական պարգևներ, իսկ լավագույն զինծառայողները ծառայության արդյունքների հիման վրա ստացել են արժեքավոր նվերներ:
Տոնական օրվա ընթացքում խաղաղապահ զինվորներին կներկայացվեն Արցախի ստեղծագործական, երաժշտական, պարային խմբերի և ՌԴ ռազմավարական-հրթիռային ուժերի երգի-պարի համույթի տոնական ծրագրերը: Վերջիններս մեկ շաբաթ հանդես կգան համերգային մեծ ծրագրերով՝ շրջելով դիտորդական բոլոր կետերում, կենտրոնակայանում: Արցախցիների համար էլ միջոցառում կկազմակերպվի Մշակույթի տանը:
Ներկայում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նրանք ապահովում են քաղաքացիական տրանսպորտային միջոցների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր բեռների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանք կատարող խմբերի անվտանգությունը: