TOP նոր
» » » Ստեփանակերտի երկու թաղամասերում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ են նախատեսվում

Ստեփանակերտի երկու թաղամասերում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ են նախատեսվում

1-04-2021, 09:18 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
1 Ապրիլ 2021, 09:18 - NovostiNK
Ստեփանակերտի երկու թաղամասերում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ են նախատեսվում


Պատերազմի հետևանքով Ստեփանակերտում հիմնովին ավերվել է մոտ 40 շինություն, որոնք կապիտալ վերակառուցման կարիք ունեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության կողմից տրամադրվել է ավելի քան 200 տեղեկանք այն բնակելի շինությունների սեփականատերերին, որտեղ բացակայում են բնակվելու համար անհրաժեշտ պայմանները:

«Այս պահի դրությամբ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի տարաբնույթ նշանակության օբյեկտներում: Մասնավորապես վերանորոգվում է պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի համար 10 դպրոցի շենքը, որպեսզի երեխաները կարողանան այստեղ մանկապարտեզ հաճախել: Շարունակվում են վնասված դուռ- պատուհանների և տանիքների փոխարինման աշխատանքներն ու վերանորոգման այլ աշխատանքներ՝ սոցիալական ծրագրերով»,-ասաց Ղուլյանը: Փոխքաղաքապետի խոսքով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի անմիջական նախաձեռնությամբ ու վերահսկողությամբ իրականացվող շինաշխատանքներից ամենամեծ ու պատասխանատու նախագիծը քաղաքային հուշահամալիրի եղբայրական գերեզմանոցի նոր հատվածի կառուցումն է:

«Իրականացվել են չափագրման աշխատանքները,պատվիրվել՝ նախագիծը: Այժմ ընթանում են հողային աշխատանքներ: Այս քայլով ցանկանում ենք հնարավորինս թեթևացնել մեր նահատակված եղբայրների ընտանիքների ֆինանսական ծանրաբեռնվածությունն ու մեր հարգանքի, պարտքի տուրքը մատուցել հերոս տղաներին»,-մանրամասնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետը՝ նշելով, որ մի շարք ծրագրերի իրագործման և քաղաքային իշխանության բազմաթիվ հոգսերը թեթևացնելու համար սրտացավ անհատների օգնության անհրաժեշտություն է զգացվում:

«Այդ նպատակով ստեղծվել է Ստեփանակերտի աջակցման հիմնադրամ, որի միջոցով այն անհատները, որոնք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կամ այն ծրագրի իրագործմանը, կարող են ֆինանսական փոխանցումներ կատարել: Հավաստիացնում ենք, որ այդ միջոցները նպատակային են իրացվելու, իսկ հաշվետվողականությունը գործելու է թափանցիկ ընթացակարգով»,-ասաց Ղուլյանը:

Ստեփանակերտի հրատապ խնդիրներից փոխքաղաքապետը նշեց բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումն ու բաց հոսող կոյուղիները:

Մասնավորապես՝ բաց հոսող կոյուղիների պատճառով հակասանիտարական վիճակ է ստեղծվել, իսկ այդ տարածքները չենք կարողանում արդյունավետ օգտագործել: Խնդրի լուծման դեպքում հնարավորություն կընձեռվի այդ տարածքներն օգտագործել որպես պուրակներ,զբոսայգիներ, վազքուղիներ և այլ հանրային նպատակներով: Ստեփանակերտում արդիական է ճանապարհների բեռնաթափման խնդիրը:

«Մայրաքաղաքն արդի պահանջներին համապատասխանեցնելու համար նոր ճանապարհների նախագծման ու լայնացման անհրաժեշտություն է զգացվում: Պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիների զգալի մասը հանգրվանել է Ստեփանակերտում և ավտոմեքենաների հոսքը մայրաքաղաքում նկատելիորեն մեծացել է: Օրվա որոշակի ժամերին Ստեփանակերտում գրեթե անհնար է դարձել ավտոմեքենա վարելը: Հիմնանորոգման կարիք ունեն նաև Ստեփանակերտի 4 դպրոցական շենք, իսկ որոշ կրթօջախներում ընթացիկ վերանորոգման պահանջ է զգացվում»,-հայտնեց Սամվել Ղուլյանը:

Անդրադառնալով Ստեփանակերտի բնակֆոնդի սղության խնդրին՝ փոխքաղաքապետը նշեց, որ բնակարանային խնդիրը զգալի էր նաև մինչև պատերազմը:

Նրա խոսքով՝ պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված քաղաքացիները հիմնականում ցանկություն են հայտնել բնակվել Ստեփանակերտում:

«Նրանց հնարավորինս տեղավորեցինք հյուրատներում, տներում, ինչպես նաև հյուրընկալ բնակարաններում: Բնակֆոնդի համալրման խնդիրը եղել և մնում է արդիական, որի լուծման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից այժմ քայլեր են ձեռնարկվում բազմաբնակարան շենքերի կառուցմամբ բնակֆոնդն ավելացնելու համար: Այս պահին Բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով չափագրման և նախագծման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի 2 ծայրամասային թաղամասերում: Այդպիսով՝ ապահովելու է նաև մայրաքաղաքի համաչափ զարգացումը, և ենթակառուցվածքների ապահովման խնդիրը: Պարբերաբար բնակարանաշինական նոր նախագծեր են ներկայացվում քննարկման, որոնք Ճարտարապետական խորհրդի հավանությանն արժանանալուց հետո շինարարությունն օր առաջ սկսելու թույլտվություն են ստանում: Այդ համատեքստում կարևորվում է նախատեսվող տարածքում առավելագույն թվով բնակարանների կառուցումը»,-ասաց Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալը՝ հավաստիացնելով, որ համագործակցելով պետական մյուս կառույցների հետ, քաղաքային իշխանությունն անում է առավելագույնը՝ առկա խնդիրներին ժամանակին ու պատշաճ լուծումներ տալու համար:

Վան Նովիկով


Աղբյուրը՝ armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS