
ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը նախօրեին Բելառուսից հատուկ չվերթով տեղափոխվել է Ադրբեջան։ Ռիա նովոստին գրում է, որ նա եղել է ձեռնաշղթաներով, բլոգերին ուղեկցել է Ադրբեջանի Ազգային անվտանգության երկու աշխատակից:
Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանը նախօրեին ուժի մեջ էր թողել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ վճիռը:
Լապշինին օդանավակայանում դիմավորել է լրագրողների խումբը, սակայն նա որևէ մեկնաբանություն չի արել իր արտահանձնման հետ կապված: Նա տարվել է Ադրբեջանի Ազգային անվտանգության մեկուսարան:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի համարվող Լապշինը ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի խնդրանքով: Լապշինն Արցախ այցելելու համար ընդգրկված է եղել Ադրբեջանի սև ցուցակում, սակայն 2015-ի հունիսին Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով Լապշինը մուտք է գործել Ադրբեջան: Դրանից հետո Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել բլոգերին՝ «Պետական սահմանների մասին» ու միգրացիոն օրենքները խախտելու մեղադրանքով: