TOP նոր
» » » Պղծվում է Անկարայի հին հայկական գերեզմանոցը. Փայլանին թույլ չեն տվել մտնել գերեզմանատան տարածք

Պղծվում է Անկարայի հին հայկական գերեզմանոցը. Փայլանին թույլ չեն տվել մտնել գերեզմանատան տարածք

17-03-2021, 13:31 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
17 Մարտ 2021, 13:31 - NovostiNK
Պղծվում է Անկարայի հին հայկական գերեզմանոցը. Փայլանին թույլ չեն տվել մտնել գերեզմանատան տարածք


Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանին մարտի 16-ին թույլ չեն տվել մուտք գործել Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող տարածք, որտեղ Թուրքիայի կառավարության բնակարանաշինության զարգացման վարչությունը (TOKİ) շինարարություն է իրականացնում պատմական հայկական գերեզմանատան վրա, այս մասին հայտնում է Bianet-ը:

Մարտի 11-ի համարում «Անկարայում հայկական գերեզմանների վրա խանութ են կառուցում» վերնագրով շինարարության մասին տեղեկացրել էր Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը: Տեղեկության համար հիմք է ծառայել Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի ահազանգը, որտեղ նշվում է, որ Անկարայի կենտրոնի «Ուլուս» թաղամասում «Իլլեր» բանկի վերակառուցման համար, (որի շենքը քանդել էին տարածքը հարևան մզկիթին տրամադրելու նկատառումով), հատկացված տարածքում ապօրինաբար շինարարական աշխատանքներ են կատարվում, այս տարածքը հայերի և կաթոլիկների գերեզմանոց է, հիմքի փորման աշխատանքների ընթացքում մարդկանց ոսկորներ են հայտնաբերվում, ուստի անհապաղ պետք է դադարեցնել այդ աշխատանքները:

Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի նախագահ Թեզջան Կարաքուշ Ջանդանը նշել է, որ «Մելիքե Խաթուն» մզկիթին տրամադրելու, ինչպես նաև բանկին հարող հրապարակի խանութները տեղափոխելու նկատառումով հատկացված հողատարածքում խանութի նոր շենքեր են կառուցում, ինչն օրենքի խախտում է: Ինչո՞ւ: Հարցին պատասխանել է Ջանդանը, հավելելով. «Շինարարկան աշխատանքների ընթացքում ի հայտ եկած մասունքները հետաքրքրել են Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարարին, որի աշխատակիցները ուսումնասիրության համար տարան դրանք: Տարածքը գիտական աղբյուրներում ներկայացվում է որպես հայերի և կաթոլիկների գերեզմանոց, որտեղ կան նաև եկեղեցու, բաղնիքի նման պատմական այլ հուշարձաններ, ընդ որում հաստատված գրանցամատյաններով:

Պղծվում է Անկարայի հին հայկական գերեզմանոցը. Փայլանին թույլ չեն տվել մտնել գերեզմանատան տարածք


Ուլուս թաղամասը մայրաքաղաքի պատմական կենտրոնն է, դրա ընդերքում գտնվող պատմամշակութային արժեքների ոչնչացումը, ինչին մենք սովոր ենք, առավել ևս գերեզմանոցում հանգչող հանգուցյալների ոսկորները բետոնով ծածկելը հանցագործություն է և անմարդկային մոտեցում: Չի կարելի 46 խանութ կառուցելու համար ոչնչացնել մի ամբողջ պատմություն: Շինարարական աշխատանքների դադարեցման համար մենք դիմել Անկարայի քաղաքապետարանին, մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարություններին ու պատասխանատու ալյ մարմիններին: Եթե մի քաղաքում կամ երկրում իսպառ վերանում է խիղճը և մարդկանց գերեզմանների վրա խանութ են կառուցում, ապա դա ժողովուրդի ամոթն է»:

Մարտի 16-ին հայ պատգամավորը Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի նախագահի և մի խումբ այլ անձանց հետ ցանկացել է տեղում ծանոթանալ իրականացվող շինաշխատանքներին, սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել տարածք: Արդյունքում Փայլանը ստիպված է եղել արգելապատնեշների մոտ հանդես գալ հայտարարությամբ՝ ասելով. «Այս վայրը հայերի գերեզմանատունն է եղել: Այս հողերում ապրող հայերը արտաքսվել են այստեղից: Անարգանքի են ենթարկվել ոչ միայն ապրողները, այլև մահացածները: Այստեղ ապրած հայ ժողովուրդն իր սիրելիներին աղոթքներով թողել է հանգչելու այստեղ՝ շիրմաքարեր դնելով: Իսկ հիմա շիրիմների վրա բետոն է լցվում: Ո՞ր խիղճը կարող է ընդունել սա»:

Փայլանը նշել է, որ անօրինական շինարարություն է իրականացվում, քանի որ չկան համապատասխան թույլտվություններ: «Ես պահանջում եմ, որ րոպե առաջ կանգնեցվի այս անօրինական շինարարությունը, կասեցվի հայ ժողովրդի շիրիմներին բետոն լցնելը: Խորհրդարանն ու քաղաքացիական հասարակությունը և առաջին հերթին Անկարայի բնակչությունը պետք է կանգնեցնեն հայկական գերեզմանի վրա բետոն լցնելը: Անկարայի ժողովուրդը արժանի չէ նման անարգանքի»,- հայտարարել է Փայլանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS