Լաչինի միջանցքի արգելափակման թեման Սանկտ-Պետերբուրգի միջազգային գիտաժողովում

Լաչինի միջանցքի արգելափակումը Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու սպառնալիք է պարունակում, ինչը վտանգավոր է հատկապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների և սուր աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում:

Առավել ընթեռնելի

Լաչինի միջանցքի արգելափակումը Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու սպառնալիք է պարունակում, ինչը վտանգավոր է հատկապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների և սուր աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում:

Այս մասին 2023 թ հունվարի 20-ին Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում հայտարարել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը`  «Անկայունության Եվրասիական աղեղը և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները Արևելյան Ասիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա» միջազգային գիտաժողովում ներկայացնելով  «Հարավկովկասյան անկայունության աղեղը և տարածաշրջանային անվտանգության ապահովման միջոցառումները» զեկուցումը: Գիտաժողովում ռուսաստանյան և օտարերկրյա առաջատար վերլուծաբանները քննարկել են 2022 թ. արդյունքները և անվտանգության իրավիճակը Եվրասիայում:

Յուրի Նավոյանի խոսքերով, 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո առաջացած իրավիճակը տարածաշրջանի երկրների համար ստեղծել է ինչպես համագործակցության պոտենցիալ հնարավորություններ ու հեռանկարներ, այնպես էլ անվտանգության ապահովման նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ։  Լեռնային Ղարաբաղ է մտցվել ռուսական խաղաղապահ զորախումբ, որի շնորհիվ խաղաղություն և անվտանգություն է ապահովվում տարածաշրջանում։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունվել են չորս համատեղ փաստաթղթեր, որոնք կայունացրել են հետպատերազմյան իրավիճակը և նախանշել հակամարտող կողմերի միջև բարդ խնդիրների առաջանցիկ լուծման մեխանիզմները։

Չնայած այս ամենին, ակնհայտորեն միջազգային հարաբերություններում առկա բարդ իրավիճակի ազդեցության տակ պաշտոնական Բաքուն նոր մարտահրավերներ է առաջացրել հետպատերազմյան կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար և անտանելի պայմաններ  ստեղծել Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը «բնապահպանական ակցիայի» անվան տակ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ դրանով իսկ փակելով արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միակ ուղին Լեռնային Ղարաբաղի համար։

Սա Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ Հայտարարության 6-րդ կետի և միջազգային մարդասիրական կոնվենցիաների ակնհայտ խախտում է։ Արդյունքում՝ ստեղծված իրավիճակը հակված է հումանիտար աղետի և տարածաշրջանում բաժանարար գծերի կոշտացման։

Բոլոր նշանները կան ենթադրելու, որ «բնապահպանական ակցիան» և միջանցքի փակումը ծառայում են արտաքին քաղաքական լսարանին և նպատակ ունեն իրավիճակի ապակայունացման միջոցով արժեզրկել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես կասկածի տակ դնել Ռուսաստանի ջանքերը Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու հարցում։

Այս իրավիճակն արդեն իսկ խաթարել է մի շարք դիվանագիտական ​​գործընթացներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների քաղաքական կարգավորման փոխընդունելի տարբերակների որոնման ուղղությամբ և որոշակի բացասական մթնոլորտ է առաջացրել Ռուսաստանի միջնորդական ջանքերի շուրջ։

Լաչինի միջանցքով երթևեկության լիարժեք վերականգնումը և բանակցային ձևաչափերի վերագործարկումը հնարավորություն կտան վերադառնալու տարածաշրջանում կայունության միջոցառումների քննարկմանը և առկա խնդիրների լուծումների որոնմանը՝ հիմնված Ռուսաստանի առաջարկած հիմնարար սկզբունքների վրա։

Նշենք, որ «Անկայունության Եվրասիական աղեղը և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները Արևելյան Ասիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա» միջազգային գիտաժողովը սկսած 2012 թվականից անցկացվում է ամեն տարի՝ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի և  Հո Շի Մինի ինստիտուտի նախաձեռնությամբ, որի արդյունքում ստեղծվում է նաև Եվրասիական անկայունության աղեղի ինտերակտիվ քարտեզը։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ