TOP նոր
» » » Նուբար Աֆեյանը՝ «Ապագա հայկականը» նախաձեռնության մասին․ Տիրել ապագային` ապագան դիտելու փոխարեն

Նուբար Աֆեյանը՝ «Ապագա հայկականը» նախաձեռնության մասին․ Տիրել ապագային` ապագան դիտելու փոխարեն

1-06-2021, 11:05 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
1 Հունիս 2021, 11:05 - NovostiNK
Նուբար Աֆեյանը՝ «Ապագա հայկականը» նախաձեռնության մասին․ Տիրել ապագային` ապագան դիտելու փոխարեն


Ամերիկահայ ձեռներեց, գյուտարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը խոսել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» (The Future Armenian) նախաձեռնության մասին։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է՝ մեկնարկած հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցություն և փոխըմբռնում:

Արաքսյա Կարապետյանին տված հարցազրույցում Աֆեյանը ներկայացնում է նախաձեռնության հետապնդած 15 նպատակների ցանկը և խոսում նախաձեռնության իրականացման հետագա քննարկումներ սկսելու անհրաժեշտության մասին:

Յուրաքանչյուր անձ կարող է ներգրավվել, դառնալով նախաձեռնության ներկայացրած 15 նպատակների ցանկի համանախաձեռնող, մասնակցել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ծրագրի ԻՆՉ-երի և ԻՆՉՊԵՍ-ների առաջիկա քննարկումներին և հավաքականորեն ծրագրել հետագա քայլերը:

«Մենք պետք է գտնենք մեխանիզմ, որով սփյուռքահայերը, ովքեր մտածում են Արցախի մասին, մեր անվտանգության մասին, և նպատակներում թվարկված բոլոր թեմաների մասին, կարողանան համագործակցել Հայաստանում ապրող հայերի հետ և տիրել ապագային` ապագան դիտելու փոխարեն», - ասում է Աֆեյանը:

Նախաձեռնությունը կապված չէ որևէ քաղաքական խմբի կամ կազմակերպության հետ: Այն ֆինանսավորվում է «Հայաստան 2041» շահույթ չհետապնդող հիմնադրամի նախաձեռնողների կողմից՝ Նուբար Աֆեյան, Արթուր Ալավերդյան, Ռիչարդ Ազարնիա, Ռուբեն Վարդանյան: Այն ձգտում է հարստացնել և հեշտացնել Հայաստանի և հայերի ապագայի վերաբերյալ հանրային դիսկուրսը:

«Դժվար է փոփոխություն բերել, եթե դու մտածում ես միայն անցյալի ու ներկայի մասին»,-ասում է Նուբար Աֆեյանը։

Աֆեյանի խոսքերով, ապագան կարևոր տարր է ներկայի մասին ցանկացած քննարկումների համար։

Հարցին, թե ինչու են այժմ հանդես եկել այս նախաձեռնությամբ, Աֆեյանն ասում է, որ ընդունում են, որ որպես երիտասարդ, անկախ Հանրապետություն, Հայաստանը կանգնած է աննախադեպ մարտահրավերների առաջ՝ անվտանգություն, տնտեսություն, և որպես մարդկամց մի խումբ, որ մտահոգված է այս ամենով, հարց են բարձրացրել՝ ինչ կարող են անել։

Խոսելով Հայաստան-սփյուռք միասնականության մասին՝ Աֆեյանն ասում է, որ կառավարության, ադմինիստրացիայի շրջանում չկա հարաբերություններ, որ անհրաժեշտ կլիներ սփյուռքի օգուտները ստանալու համար:

Աֆեյանի խոսքերով, շատ բան է ասվում սփյուռքի մասին, որպես բնական ռեսուրս, Հայաստանի նավթ և այլն, սակայն Հայաստան-սփյուռք հարաբերությունները համարում է անհամաչափ, այն հիմնված չէ վստահության, փոխադարձության վրա։

«Իմիջայլոց, երբ մենք սա ասում էինք վերջերս, մենք քննադատությունների էինք արժանանում։ Մարդիկ ասում են, գիտեք ինչ, սփյուռքը դեր չունի երկրում՝ նրա պագայի տեսանկյունից, շատ բաց, քաղաքական առաջնորդներն են ասում այս մասին տարբեր սոցիալական մեդիաներում։ Ընդհանուր կարծիքն այն է, որ սփյուռքը պետք է մտահոգվի ֆինանսական աջակցությամբ, տուրիզմով, համակրանքով։ Մենք կարծում ենք, որ սա կայուն չէ, եթե մենք ուզում ենք Հայաստանը դարձնել ավելի լավը։ Մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով սփյուռքը կկարողանա հոգ տանել Արցախի, մեր անվտանգության մասին»,-ասում է Նուբար Աֆեյանը։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակները՝
1. Տեսլականի սահմանում
Հավաքականորեն սահմանել և տեր կանգնել Հայաստանի ապագային:

2. Երաշխավորված պետականություն
Ընդունել մեր անվտանգության դեմ սպառնալիքի առկայությունը և կառուցել ավելի արդյունավետ ու հեռանկարային պաշտպանական համակարգ:
3. Պատմական պատասխանատվություն
Հարգել Հայոց ցեղասպանության նահատակների, այն վերապրածների և նրանց փրկողների հիշատակը միջազգային իրազեկման և մարդասիրական աջակցության միջոցով՝ կանխարգելելու համար մարդկության դեմ բռնությունը, պայքարելու դրա դեմ և վերացնելու համար դրա հետևանքները:

4. Ազատ Արցախ
Երաշխավորել Արցախի ֆիզիկական անվտանգությունը և հաստատել նրա իրավական կարգավիճակը:
5. Հայաստան-սփյուռք միասնականություն
Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունները վերածել փոխադարձության և վստահության վրա հիմնված հարաբերությունների:

6. Ուժեղ սփյուռք
Թարմացնել և ընդլայնել սփյուռքյան կազմակերպություններն ու կառույցները՝ դրանց կենսունակությունն ապահովելու և ողջ աշխարհում հայոց ժառանգությունը պահպանելու համար:

7. Ուժեղ դաշինքներ
Հակազդել մեկուսացմանը և կարևորություն ձեռք բերել՝ տարածաշրջանային և համաշխարհային ռազմավարական գործընկերությունների միջոցով:

8. Հարաճում
Խթանել մարդկային ու ֆինանսական կապիտալ ներգրավող մրցունակ տնտեսություն:

9. Բնակչության աճ
Կենտրոնանալ Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներին լուծում տալու վրա՝ Հայաստանի ապագան երաշխավորելու համար ապահովելով բնակչության աճ, հայրենադարձություն և մասնագետների ներհոսք:

10.Կրթության գերազանցություն
Առաջնահերթություն հաղորդել կրթությանը՝ որպես աշխարհի հայության բարձրագույն սոցիալական արժեք։

11.Գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործական գերակայություն
Ներդրումներ կատարել գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործականության մեջ՝ նորարարությունն ու զարգացումը խթանելու համար հատկապես առողջապահության, շրջակա միջավայրի և գիտելիքահեն տնտեսության ոլորտներում:

12.Ողջամիտ կառավարում
Զարգացնել արդյունավետ և հաշվետու ինստիտուտներ, հավատարիմ մնալ կառավարության ու հասարակության մեջ կատարելության և պրոֆեսիոնալիզմի ձգտմանը:

13.Արդար հասարակություն և նվազեցված անհավասարություններ
Արմատախիլ անել աղքատությունը և հասնել հասարակության մեջ ազնվության և արդարության տիրապետման:

14.Ժառանգության պահպանում
Հիմնվելով մեր եզակի ինքնության ու պատմական փորձի վրա՝ այն օգտագործել ոգեշնչելու և առաջնորդելու համար մեր ապագան:

15.Փաստերի վրա հիմնված որոշումների կայացում
Ղեկավարությունից և հասարակությունից պահանջել, որ ազգային որոշումների կայացումը հիմնված լինի ոչ թե պատրանքների, այլ փաստերի վրա։



Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS