
Միացյալ Նահանգների Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը պարզաբանել է, թե ինչու է որոշել վետո դնել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի վրա։
Հիշեցնենք՝ նա առաջին սենատորն էր, որն արգելափակեց բանաձեւի քվեարկությունը Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո: Նրան հաջորդեց նաեւ երկրորդ սենատորը՝ Դեյվիդ Փերդյուն, որը երկրորդ անգամ վետո դրեց բանաձեւի վրա:
Axios.com-ը հրապարակել է Գրեհեմի՝ նման քայլի գնալու պատճառները: Հրապարակման համաձայն՝ հանրապետական սենատորը պարզաբանել է, թե նման քայլի է գնացել Սպիտակ տան ներկայացուցչի հորդորով:
Կայքի փոխանցմամբ՝ Թրամփ-Էրդողան հանդիպման վայրում գտնվող աղբյուրների համաձայն՝ Գրեհեմը դատապարտել էր Թուրքիայի մուտքը Սիրիա և մեղադրել թուրքերին քրդերի խաղաղ բնակչության վրա հարձակվելու համար: Այդ ժամանակ Էրդողանը հանել է իր պլանշետը և ներկաներին ցուցադրել մի տեսանյութ, որում «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» խմբավորման ղեկավարը ներկայացվում է որպես ահաբեկիչ: Դա բարկացրել է հանրապետական սենատորին, որը դիմել է Էրդողանին՝ հարցնելով. «Կուզե՞ք, ես էլ քրդերին հարցնեմ, թե դուք ինչեր եք արել այնտեղ»:
Հանդիպումից հետո, երբ Գրեհեմը դուրս է եկել սենյակից, այդ պահին նրան են մոտեցել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները և խնդրել վերադառնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը: Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է Գրեհեմին, որ դեմոկրատական սենատոր Ռոբերտ Մենենդեսը պատրաստվում է քննարկման դնել Հայոց ցեղասպանության մասին իր բանաձևը եւ այն արգելափակելու խնդրանքով դիմել Գրեհեմին:
«Ես, իհարկե, համաձայնեցի»,- նշել է Գրեհեմը՝ այդ որոշումը որակելով որպես թուրք-ամերիկյան հարաբերությունները պահպանելու փորձ: Հանրապետական սենատորը միաժամանակ նշել է, որ հաջորդ անգամ ինքը դեմ չի լինի այդ բանաձեւի քվեարկությանը եւ այն չի արգելափակի, քանի որ Բոբ Մենենդեսը երկար տարիներ է աշխատել այդ բանաձեւի վրա:
Պարբերականը նշում է, որ նշված «հաջորդ անգամ» Գրեհեմը պահպանել է իր խոստումը եւ վետո չի կիրառել, երբ Մենենդեսն ու գործընկերը կրկին սենատին են ներկայացրել բանաձեւը, սակայն այդ անգամ էլ Սպիտակ տան ներկայացուցիչները մեկ այլ սենատորի՝ Դեյվիդ Փերդյուին են խնդրել արգելափակել այն:
Փերդյուի ներկայացուցիչը, մեկնաբանելով սենատորի քայլը, նշել է, որ վերջինս զգուշացել է, որ բանաձևի քննարկումը կարող է վնասել Թուրքիայի հետ ունեցած բանակցություններին ու հարաբերություններին:
Հիշեցնենք՝ սենատոր Լինդսի Գրեհեմը վետո կիրառեց Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկության վրա նոյեմբերի 13-ին: Նա իր քայլը պատճառաբանել էր, թե որոշումն ընդունելիս առաջնորդվել է ոչ թե անցյալով, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով, որը, ըստ սենատորի, ավելի կարեւոր է:
Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի ներկայացրած օրինագիծը երկրորդ անգամ արգելափակվեց դարձյալ Հանրապետական սենատորի կողմից, ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դեյվիդ Փերդյուն էր երկրորդ անգամ վետո կիրառել: Սենատորը, պարզաբանելով վետո դնելու պատճառները, նշել էր, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։