
Ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Այժմ մենք պետք է իրականացնենք Ամերիկայի հույսերը՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր տեսլականը և կառուցելով մեր ապագան։ Ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», — գրել է Քանյե Ուեսթը՝ իր հրապարակումը նշելով #2020VISION հեշթեգով։
Կատարողի մտադրությանը հավանություն է տվել միլիարդատեր եւ Space X ընկերության ղեկավար Իլոն Մասկը: Նա ռեփերի Twitter-ի գրառմանը մեկնաբանություն է հավելել, որում հայտարարել է, որ Ուեսթը կարող է «լիակատար աջակցություն» ակնկալել:
Անցյալ տարվա նոյեմբերին Քանյե Ուեսթը, ելույթ ունենալով Նյու Յորքում Fast Company Innovation Festival նորարարությունների փառատոնում, խոսել է 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այդ ժամանակ հանդիսատեսը նրա խոսքերը ծիծաղով դիմավորեց։
Քանյե Ուեսթը հիփ-հոփի ամերիկացի կատարող է, ռեփեր, պրոդյուսեր, կոմպոզիտոր եւ դիզայներ։ Նա ծնվել է 1977 թվականին։ Բազմիցս կոչվել է 21-րդ դարի մեծագույն արտիստներից մեկը։ Նա ընդգրկվել է ամենավաճառվող կատարողների և բարձր վարձատրվող հայտնիների շարքում։ Ամուսնացած է մոդել և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետ:
ԱՄՆ-ի 46-րդ նախագահի ընտրությունները նախատեսված են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: