Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է. Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Առավել ընթեռնելի

«Այստեղ եմ եկել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խոսքը, հորդորը, խնդրանքը փոխանցելու ձեզ, այն մարդկանց, որոնք երեկ հաշված ժամերի ընթացքում ինքնաբուխ հուզված, զայրացած, նյարդայնացած շտապել էին Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենքի դիմաց»,- ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ այդ մարդիկ ուղղորդված չէին, որևէ մեկը նրանց չէր ուղղորդել, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի նկատմամբ անհանգստությունը, Արցախի նկատմամբ անհանգստությունը։

«Եթե կար ուղղորդում, ապա մեկ բան՝ երեկ Ազգային ժողովի դահլիճի այս ամբիոնից հնչած անթույլատրելի, վտանգավոր հայտարարությունը։

Չասեք՝ ժողովուրդ չկար այստեղ։ Կար ու շատ հուժկու՝ տասնյակ հազարավոր մարդիկ, ժողովուրդ, որը նաև պարտադրեց, որ հաշված ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ թուղթ ստորագրելու, ՀՀ տարածքի, Արցախի մասին ոչ մի բառ չասելու պատճառով այդ անհանգստությունից հետո ուղիղ եթերներով, գրավոր հայտարարություններով իշխանության ներկայացուցիչների կողմից եղան բազմաթիվ պարզաբանումներ, հերքումներ, որովհետև հասկանալի էր, որ մարդիկ վրդովված էին։ Հերքումներ, որոնք, այնուամենայնիվ, չհերքեցին այն վտանգավոր հայտարարությունը, չհերքեցին այս օրերին իշխանական պատգամավորների կողմից Արցախի հարցի, Արցախի ապագայի մասին այն բոլոր վտանգավոր հայտարարությունները, որ պարբերաբար հնչում են»,- ասաց ընդդիմադիր պատգամավորներին՝ դիմելով իշխանավոր ՔՊ-ականներին՝ «գիտակցեք՝ պետականության կործանման վտանգի առաջ ենք»։

«Երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ նույն ժամին հավաքված էին էլի ինքնաբուխ, այդ մարդիկ իրենց դավաճանացված էին զգում, թուրքի դեմ իրենց մենակ էին զգում, քանի որ մի պահ լսել էին, որ Ազգային ժողովի այս ամբիոնից այլևս իրենց մասին խոսող չկա։ Հասկացեք, կանգ առեք»,- կրկին դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց Գ. Մանուկյանը։

Դահլիճից կին պատգամավորներն արձագանքեցին այս հայտարարություններին։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լռություն կոչ արեց։

«Երեկ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է մի արտահայտություն, որ ինչ-որ թուղթ եթե ստորագրի, մարդիկ կարող են քննադատել և ասել դավաճան»,- հիշեցրեց Մանուկյանը։

Սրանից հետո ՔՊ պատգամավորները կրկին սկսեցին բղավել։

Հակոբ Արշակյանն իր ՔՊ-ական գործընկերներին խնդրեց հանգստություն պահպանել, Գեղամ Մանուկյանին էլ՝ այնպես չանել, որ էլ ավելի լարվի խոսակցությունը։

Մանուկյանը շարունակեց իր ելույթը. «Լսեք… լսեք… Մի պահ անդրադարձեք, որ այդ պիտակը հետո ամեն մեկիդ կպնելու է։

Նորից խնդրում եմ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությանը՝ մի պահ այդ արհեստական ինքնավստահությունից դուրս եկեք։ Երեկ տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունն այստեղ փաստեց, որ ժողովուրդը պոռթկման եզրին է։ Երեկ տասնյակ հազարավոր ինքնաբուխ հավաքված մարդիկ սպասում էին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին։ Չեկան, բայց ժամանակ կա։

Ուշ չէ, գործընկերներ։ Վերջապես հասկացեք, որ վիճակն օրհասական է։ Հասկացեք, որ այս վիճակի լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որն այս վիճակից կարող է դուրս բերել երկիրը։ Այս պահը շատ լուրջ է. Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»։

Մանուկյանի ելույթից հետո դահլիճում կրկին աղմուկ բարձրացավ։ Հակոբ Արշակյանը ստիպված ընդմիջում հայտարարեց։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ