Նոյեմբերի 9-11-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվել է «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումը։ Ֆորումի հայաստանյան համակազմակերպիչներից է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն։ Որպես միջազգային գործընկերներ մասնակցել են «Մշակույթ և ապագա» հիմնադրամը (ՌԴ), Ալեքսանդր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը, Ժամանակակից միջազգային գործընթացների հետազոտության վերլուծական հարթակը, ինչպես նաև .RU/.РФ դոմեյնների կոորդինացիոն կենտրոնը։
Կազմակերպիչ ՀԿ-ից հայտնում են, որ «Որոտան» ֆորումը նվիրված է եղել արդի եվրասիական, մեծմերձավորարևելյան և հնդկաչինական տարածաշրջաններում ինտեգրացիոն գործընթացներին, միջազգային հաղորդակցային ուղիներին, տեղեկատվական անվտանգությանը, ինքնիշխան համացանցին, ինչպես նաև եվրասիական տարածքի տնտեսաքաղաքական հեռանկարներին առնչվող հարցերին։ Ֆորումն ունեցել է երեք հիմնական բաժին՝ «Հաղորդակցություններ և միջանցքներ», «Տեղեկատվական անվտանգությունը մեր օրերում», «Արևմտյան պատժամիջոցներ. հնարավորություններ և բացասական հետևանքներ եվրասիական տնտեսության համար», որոնց մասնակցել են 21 փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Հնդկաստանից։
Փորձագետներից զատ՝ ֆորումին ներկա են եղել շուրջ 30 լրագրողներ, ուսանողներ և ակտիվ հասարակայնության ներկայացուցիչներ ինչպես Հայաստանի տարբեր վայրերից, այդ թվում՝ Արցախից, այնպես էլ՝ Ռուսաստանից։
Ֆորումի անցկացման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ ներկայումս Սյունիքը ոչ միայն Հայաստանի ազգային-քաղաքական կյանքի կիզակետն է, այլև եվրասիական տարածքի ամենահարավային կետը։ Ֆորումի անունն ընտրվել է ի պատիվ Որոտան գետի, որ սկիզբ է առնում Արցախի ժամանակավորապես օկուպացված Շահումյանի (Քարվաճառ) շրջանից, հոսում Սյունիքի տարածքով և թափվում դարձյալ ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջան։ Ֆորումի հայաստանյան կազմակերպիչ «Հայկական նախագծի» համահիմնադիրները նշում են, որ Արցախյան երրորդ պատերազմից հետո սա Սյունիքում կազմակերպված ամենամեծ միջազգային միջոցառումն է։
Հայ և միջազգային փորձագետներն ընդգծել են տնտեսական և քաղաքական առաջընթացի և իրական խաղաղության տեսանկյունից եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանման, ինչպես նաև հյուսիս-հարավ հաղորդակցային ցանցի և դրանում Հայաստանի ներգրավվածության կարևորությունը։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ընդգծել է, որ թեպետ անուղղակիորեն Հայաստանը տնտեսապես շահում է ռուս-ուկրաինական ճգնաժամից, սակայն տնտեսական այդ էֆեկտը զուտ կարճաժամկետ է, քանզի ՀՀ դե-ֆակտո կառավարության կողմից չեն իրականացվում դրանք երկարաժամկետ զարգացման վերածելու քայլեր։
Իրանից ժամանած փորձագետներ Էհսան Մովահեդյանը, Շուայիբ Բահմանը և Ֆարշադ Ադելը մատնանշել են «Զանգեզուրի միջանցք» կոչվող ՆԱՏՕ-ի թուրանական նախագծի վնասաբերությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի և Ռուսաստանի համար։ «Հետաքրքրական է, որ այս միջանցքի կոնցեպտն առաջարկվել է ՆԱՏՕ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցչի կողմից։ Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության արդյունքում մեծ գին կվճարեն Իրանն ու Ռուսաստանը»,- նշել է Շ․ Բահմանը։
Ֆորումին հեռավար մասնակցել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. դ. պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, նույն ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ. գ. գ., դոցենտ Վարդան Ոսկանյանը և անկախ փորձագետ Այան Մանչանդան (Հնդկաստան)։ Ֆորումն ուղեկցվել է հայաստանաճանաչողական ծրագրերով, այդ թվում՝ այցելություն Գորիսում Ակսել Բակունցի տուն-թանգարան, իսկ Վայոց Ձորի մարզում՝ Նորավանքի վանական համալիր։
Ֆորումի հայաստանցի և միջազգային մասնակիցները պայմանավորվել են շարունակական դարձնել այս ձևաչափը՝ որպես յուրատեսակ «Գորիսյան հարթակ»՝ դրա շրջանակներում պարբերաբար քննարկելով տարածաշրջանային կարևոր խնդիրները։