Կարմիր խաչը չի նախաձեռնում կամ որոշում՝ ինչ է պետք. Զառա Ամատունի

30 տարի ֆիզիկապես աշխատելով ու գրասենյակ ունենալով Արցախում՝ հնարավորություն ունենք մշտապես կապի մեջ գտնվել  համապատասխան կառույցների հետ՝ հասկանալու իրավիճակը, ինչ կարիքներ են առաջանում և ըստ այդ կարիքների փորձել դրանք հասցեագրել։

Առավել ընթեռնելի

Դեկտեմբերի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Լաչինի միջանցքով 10 տոննա մարդասիրական բեռ է հասցրել Արցախի Հանրապետություն։ Նաև տարբեր օրերին Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդներ են տեղափոխվել Երևան։ Արդյո՞ք հնարավոր չէ նաև այս դեպքում, երբ Կարմիր խաչի մեքենաները Հայաստանից գնում են Արցախ հիվանդներ տեղափոխելու, այսինքն Լաչինի միջանցքով անցնելու հնարավորություն ունեն, նաև բեռներով մեքենաներ հասցնեն Արցախի Հանրապետություն։ Panorama.am-ը դիմեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, թե ինչպե՞ս է կանոնակարգվում այս գործընթացը։

Զառա Ամատունի— Կանոնակարգվում է պատկան մարմինների դիմումի հիման վրա, համաձայնեցվում է բոլոր կողմերի՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, որոշումներ կայացնողների, իշխանությունների համապատասխան կառույցների հետ։ Մենք առաջարկում ենք մեր աջակցությունը, մեր անկախ, անկողմնակալ միջնորդությունը։ Մենք դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 7-ը արել ենք 7 գործողություններ՝ տեղափոխելով ծայրահեղ ծանր կամ անհապաղ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին։ Դեկտեմբերի 25-ին մեր մեքենայով Հայաստանի կառավարությունից 10 տոննա սնունդ, մանկական սնունդ, դեղորայք ենք տեղափոխել տեղի բուժհաստատությունների համար, իսկ դեկտեմբերի 24-ին մեր մեքենաները, որոնք տարել էին հիվանդ, ճանապարհին մեկ մեքենա դեղորայքով է բեռնվել և հանձնվել է  համապաստախան բուժհաստատություններ։

Այլ որոշումներ կայացնելը՝ ում տեղափոխել, ինչ տեղափոխել, ինչ քանակությամբ, մեր նախաձեռնությունը չէ։ Մեր նախաձեռնությամբ մենք առաջարկել ենք այդ հնարավորությունը և շարունակաբար հիշեցնում ենք մեր հնարավորության առկայության մասին։

30 տարի ֆիզիկապես աշխատելով ու գրասենյակ ունենալով Արցախում՝ հնարավորություն ունենք մշտապես կապի մեջ գտնվել  համապատասխան կառույցների հետ՝ հասկանալու իրավիճակը, ինչ կարիքներ են առաջանում և ըստ այդ կարիքների փորձել դրանք հասցեագրել։

Մենք չենք նախաձեռնում կամ մենք չենք որոշում ինչ է պետք, դա մեր իրավասություններից դուրս է։

Panorama.am- Դեկտեմբերի 25-ին ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղափոխվել բեռը, Հայաստանի կառավարությա՞ն։

Զառա Ամատունի — Շատ մանրամասներ չեմ կարող փոխանցել, կոնկրետ մատնանշել՝ սա է կամ մյուսն է, կարող եմ հաստատել, որ ի վերջո համաձայնության գալու արդյունքում Հայաստանի կառավարությունից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել է  հումանիտար օգնությունը, և դա որպեսզի տեղ հասնի առանց որևէ խնդիրների, դիմել են մեզ, և մենք դա կազմակերպել ենք որպես չեզոք միջնորդ։

Համապատասխան կողմերի փոխհամաձայնությամբ է եղել՝ ինչ է պետք, ինչքան է պետք։

Panorama.am — Այդ մեկ անգա՞մ են ձեզ դիմել բեռ տեղափոխելու համար։

Զառա Ամատունի-Ինչպես ասացի՝ դեկտեմբերի 24-ին Կարմիր խաչի մեկ մարդատար մեքենայով է դեղորայք տեղափոխել, մեկ անգամ՝ 10 տոննա բեռնատարով։

Panorama.am — Առաջիկայում սպասվո՞ւմ է բեռների տեղափոխում Արցախի Հանրապետություն։

Զառա Ամատունի — Մենք չենք կարող հայտարարել՝ ինչ է նախատեսվում, քննարկում ենք, մշտական կապի մեջ ենք կողմերի հետ, անհրաժեշտության դեպքում գործն անելուց հետո կտեղակացնենք։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ