Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք: ԱՀ Ազգային ժողովից նշում են, որ Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքում, ի թիվս այլ ելույթների, ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ Վերածննդի հրապարակում էին, ֆեյսբուքյան էջում գրել ու լուսանկարներ հրապարակել.
«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում…»։
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է.
«Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահավաք էր կազմակերպել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ:
Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացիները (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը) և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:
Մենք ենք մեր հայրենիքի տերը և շարունակում ենք պայքարը հանուն մեր իրավունքների ու ազատությունների»:
Լուսանկարները՝ «Ֆոտոլուրից»