Սերժ Սարգսյանի գործով վկան այս անգամ ներկայացավ դատարան, բայց լսողական սարքի խնդիր ուներ

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Առավել ընթեռնելի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Գործով վկա Սևակ Քոչարյանը, ով նախորդ մի քանի նիստերին չէր ներկայանում, ինչի պատճառով նիստերը հետաձգվում էին, այսօր  ներկա էր, սակայն խնդիրներ ուներ լսողական սարքի հետ կապված։

«Բավարար ժամանակ կար, որպեսզի ձեր լսողական սարքի հետ կապված խնդիրը լուծեիք, ի՞նչն է պատճառը, որ չեք կարողացել լուծել։ Ասացիք՝ գալու է ձեր բժիշկը, լուծի խնդիրը»,- հարցրեց դատավորը։

Այնուամենայնիվ, որոշվեց, եթե վկան չլսի հարցը, ապա փաստաբանը մոտիկից կհնչեցնի։

Առաջարկվեց նաև, որ վկան բժշկական փաստաթղթեր ներկայացնի լսողական խնդիրներ ունենալու վերաբերյալ։  Վկան ասաց, որ ունի փաստաթղթեր, կարող է  ներկայցնել։

Դատավոր Միսակյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախորդ նիստերին չէր ներկայանում դատարան։ Ս.Քոչարյանն ասաց, որ չի ծանուցվել։

«Այն նիստին, երբ ձեր հարցաքննությունը կիսատ մնաց, այդ նիստին հաջորդ նիստի մասին պատշաճ ծանուցվել էր։
Բացի այդ՝ ինչի՞ հետամուտ չեք եղել ձեր ծանուցագրերը ստանալու հարցում։ Փոստային ծառայությունը մեկնաբանում է, որ քաղաքացին հետամուտ չի եղել, չի  գնացել իր փոստային ծրարները կամ ծանուցագրերը ստանալ։ Գիտեք, որ դատարանում գործ կա, ունենք կարգավիճակ, պետք է  ներկայանաք։ Ինչո՞ւ հետամուտ չեք եղել։

Եղե՞լ են այնպիսի պատճառներ, որոնք խոչընդոտ են եղել դատական նիստերին չներկայանալու կամ ծանուցագիր չստանալու համար»,- անընդհատ հարցադրումներ էր անում դատավորը՝ դիմելով վկային։

Վկան ասաց, որ հաջորդ դատական նիստին անպայման կներկայանա։

Մյուս վկան նիստին չէր ներկայացել, ներկայացրել էր բժշկական տեղեկանք հիվանդության վերաբերյալ։ Նիստին ներկա չէր նաև գործով անցնող Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 24-ին։

Նիստին ներկա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նիստի ավարտից հետո, դատարանի դիմաց մի քանի րոպե կանգնեց, ողջունեց, զրուցեց  իր աջակիցներ հետ։

Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։

Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված  մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։

Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ